ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում Araratnews.am-ի խմբագրություն էին դիմել վարձով ապրող քաղաքացիներ՝ հաշվառման խնդրի հարցով: Բանն այն է, որ վարձակալներին սեփականատերերը թույլ չեն տալիս հաշվառվել իրենց տան հասցեում, որի պատճառով էլ անձնագիր ստանալն ու այլ գործարքներ անելն անհնար է:
Araratnews.am-ը զանգահարեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին՝ պարզաբանում լսելու: «Սեփականատերերին բազմիցս ասել ենք, որ վարձակալներին չխոչընդոտեն հաշվառվել: Ցավոք սրտի, որոշ սեփականատերեր ունեն այն թյուր կարծիք, որ վարձակալներին հաշվառվելուց հետո այնտեղ կկորցնեն որոշակի իրավունքներ, սեփականությունից կզրկվեն: Նման բան չկա»,- հավատացրեց պաշտոնյան:
Մնացական Բիչախչյանը հիշեցրեց կառավարության որոշումը, որը կարգավորում է այս խնդիրը: «Եթե սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը չկա անձի հաշվառման մասին, ոստիկանը գնում է հաշվառման համար դիմած քաղաքացու փաստացի բնակության վայրը ստուգելու: Համոզվելուց հետո տալիս է տեղեկանք, որից հետո անձնագրային վարչությունը քաղաքացուն հաշվառում է փաստացի բնակության վայրում»,- պատասխանեց Մնացական Բիչախչյանը:
Սակայն քաղաքացիները հաճախ չեն ցանկանում, որ ոստիկանը գա իրենց փաստացի բնակության վայր, քանի որ սեփականատերը կարող է վարձակալին տանից վտարել, եթե նա գրանցվի իր տան հասցեում: Սակայն եթե չկա սեփականատիրոջ գրավոր առարկությունը, ապա անձնագրային վարչությունը կարող է հաշվառել վարձակալին փաստացի բնակության հասցեում: «Եթե սեփականատերն իմանա այդ մասին ու քաղաքացուն հանի հաշվառումից, ապա անձնագրային վարչությունը կարող է նորից նրան այդ հասցեում հաշվառել, քանի դեռ չկա գրավոր առարկություն»,- ասաց Բիչախչյանը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղեկացմամբ՝ եթե կա սեփականատիրոջ գրավոր առարկություն իր սեփական տանը չհաշվառելու մասին, ապա անձնագրային վարչությունը նշում է միայն տվյալ շենքի կամ փողոցի հասցեն:
Արդյոք հնարավոր չէ՞ սեփական տուն չունեցողներին հաշվառել անօթևանների կենտրոնում: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի կարծիքով՝ դրա կարիքը չկա, քանի որ հօդս կցնդի իրական բնակության վայրում հաշվառելու հասկացությունը:
Սոնա Դավթյան