տուն Լուրեր Որն է թուրքական ապրանքի այլընտրանքը

Որն է թուրքական ապրանքի այլընտրանքը

151
0

f58f391e69673f_58f391e69677b

Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների թիվն աճել է: Աճ է գրացվել նաև Հայաստանից դեպի Թուրքիա ներկրման մեջ, սակայն այս դեպքում թվերը շատ ավելի փոքր են: Երկկողմ առևտրական հարաբերությունների և այլընտրանք պետություններից ներկրման հնարավորությունների մասին Araratnews.am-ն զրուցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

Տնտեսագետը նշեց, որ ներկրման թվերն աճում են, որովհետև սպառողը շուկայում ընտրում է այն ապրանքը, որի դեպքում կա գին-որակ հարաբերակցություն, իսկ թուրքական ապրանքների տեսականին շատ լայն է մեր շուկայում: Եվ այս դեպքում, նրա խոսքով` սոցիալական գովազդները, հայրենասիրական ճառերն այն խնդիրը չեն լուծում, որ մարդիկ սկսեն թուրքական ապրանքներ չգնել, որովհետև սպառողն իր սպառողական հոգեբանությամբ դրսևորում է ռացիոնալ վարքագիծ և ընտրում է այն ապրանքը, որի գինն ու որակը հարմար է. «Եթե մենք շատ ենք ցանկանում տեղականը սպառել, կամ ավելի որակյալը սպառել, պետք է քայլեր կատարենք այդ ուղղությամբ: Նախ կարևոր է, թե ներմուծման փոխարինման ուղղությամբ ինչպիսի քաղաքականություն է վարվում… Թուրքիայից մեր երկիր է ներմուծվում 650-700 անուն ապրանք և այո, վերջին ամիսներին կարելի է ասել աճի տենդենց է նկատվում»:

Թուրքիայից ներկրման թվերի աճ գրանցվել է դեռ 2000-ական թվականներից, որն էլ մինչև այսօր շարունակվում է. «Ասեմ, որ մեր արտաքին առևտուրը Թուրքիայի հետ միակողմանի ճանապարհ է: Մենք ներմուծում ենք գրեթե այդ ամբողջ ծավալի 99 տոկսոը և արտահանում շատ չնչին քանկություն: Պատկերը հիմա այդպիսին է, տասնամյակներ առաջ էլ է այդպես եղել, բայց հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի: Այսօր մենք այդ երկրից հիմնականում ներկրում ենք քիմիական արտադրանք՝ լվացող միջոցներ, հագուստ, կոշկեղեն, տրիկոտաժ, տարբեր տեսակի շինանյութ, և սրանք այն ապրանքներն են, որոնք Հայաստանը նորմալ արդյունաբերական քաղաքականության արդյուքնում կարող է արտադրել և փոխարինել»:

Ինչ վերաբերում է սեփական արտադրանքով ներքին շուկան բավարարելուն, տնտեսագետը նշեց. «Հիմա մենք եվրասիական շուկա ենք մտել, ասում ենք 180 միլիոնանոց շուկա է, բայց ինչ է արվում, որպեսզի հնարավոր լինի այդ շուկայում այս տիպի ապրանքներով դիրքավորվել: Բնական է, որպեսզի դու արտաքին շուկաներ դուրս գաս այդ ապրանքներով, պետք է նախ ներքին շուկան կարողանաս հագեցնել: Իհարկե շատ լավ է, երբ ասվում է, թե չգնեք թուրքականը, գնեք տեղականը, բայց տեղականը պետք է լինի, որ մարդ գնի, ընդ որում պետք է լինի էժան և որակովը, այդ գին-որակ հարաբերակցությունը սպառողական վարքագծի էլեմենտ է, դա չափանիշ է, հետևաբար միայն այս կարգի լոզունգներով չենք կարող խնդիրը լուծել»:

Բոլոր դեպքերում, տնտեսագետի համոզմամբ, հոգեբանական, էմոցիոնալ մետեցումները, քարոզչությունը կարևոր են, բայց առավել կարևոր է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել ներքին արտադրությունը. «Պետք է կարողանանք ներմուծումը փոխարինելու հնարավորություններ ստեղծել, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում գոնե քիմիական արդյունաբերության, տեքստիլի, տրիկոտաժի,  թեթև արդյունաբերության ճյուղերի ինչպիսի զարգացում և պոտենցիալ է եղել ժամանակին, և այդ պոտենցիալի մի մասն այսօր էլ կա, պարզապես այդ քաղաքականությունը պետք է լինի համարժեք.  հարկային, մաքսային կարգավորումների քաղաքականությունը, վարկային ռեսուրսների հասանելիության խնդիրները, այս բոլոր գործոնները պետք է աշխատացնել, որպեսզի հնարավոր լինի ներմուծման փոխարինումը»:

Ատոմ Մարգարյանը նկատեց. որ ներկրման աճի ծավալները հնարավոր է մեծացել են նաև մաքսային ընթացակարգերի հետևանաքով: Նրա խոսքով` այսօր մենք  ստվեր ունենք ոչ միայն արտադրության մեջ, այլև՝ ներմուծման:

Իսկ ներկրման համար, երկրների առումով, Հայաստանն այլընտրանք ունի, պարզապես մյուս երկրների հետ առևտրական հարաբերություններ ունենալու համար պետք է որոշակի աշխատանքկատարել. «Այլընտրանքներից մեկը Ռուսաստանի շուկան է, որը համարժեք է և համադրելի, բայց լոգիստիկայի և տրանսպորտային ծախսերի խնդիր կա: Այլընտրանքն իհարկե նաև Չինաստանն է, բայց Հայաստանը պետք է ավելի ակտիվ ներգրավվի ծրագրերում. կամ  մեծտաքսի մեծ ճանապարհի, կամ մեծ տրանսպորտային գոտու այդ նախագծերի մեջ, որպեսզի փոխադրամիջոցների, կամ լոգիստիկայի խնդիրը թույլ տա գին-որակ հարաբերակցությունը պահել, այսինքն էժան փոխադրումների միջոցով այդ նույն ապրանքները ներկրել այլ երկրներից: Մյուսն՝ Իրանն է։ Իհարկե, եթե համեմատենք թուրքականի հետ՝ իրանական ապրանքների որակը որոշակիորեն զիջում են, և թերևս ժամանակի ընթացքում հնարավոր կլինի այդ երկրից նույն որակի և նույն գնի ապրանքներ ստանալ:

Մեր այլընտրանքը ըստ երկրների և ռեգիոնների համադրելի շուկաներն են, և քաղաքականությունն էլ պետք է ուղված լինի այդ խնդիրների լուծմանը»:

Արդեն  նշել էինք՝ չնայած փոքր քանակով, բայց Հայաստանից ևս արտահանում կատարվում է դեպի Թուրքիա, իսկ ինչ ենք արտահանում մենք. «Որքան ինձ հայտնի է մենք արտահանում ենք չմշակված մորթեղեն, որը Թուրքիայում հրաշալի վերամշակում են և դառնում է բարձրորակ կաշի, նաև որոշ մետաղներ, մետաղի ջարդոն: Լուրջ վերամշակված ապրանքներ մեր արտահանման մեջ ցավոք չկա դեպի Թուրքիա, իսկ Թուրքիայի շուկան այդքան էլ բարձրակարգ շուկա չէ, տեխնոլոգիապես զարգացած: Այդ շուկան մենք պետք է կարողանանք օգտագործել, այսինքն ապրանքների հոսքը պետք է լինի երկկողմանի,  այդ ապրանքները պետք է լինեն:

Նրանք ովքեր Թուրքիայի հետ առևտուր են անում, այդ սխեմայով են աշխատում, որովհետև, եթե դու ապրանքը բերում ես, եւ դու էլ  ունենաս ապրանք տանելու, այդ բերած ապրանքն է’լ ավելի էժան կլինի. այնտեղից ապրանքը կբերես և նույն տրանսպորտային միջոցներով այդ երկիր կուղարկես քո երկրի արտադրանքը: Սա հնարավորություն է, որը մենք բացարձակապես չենք օգտագործում: Իսկ պատճառը օբյեկտիվ է` չկան այդ ապրանքները, որոնք կարող են վաճառվել Թուրքիայում»: