տուն Լուրեր Որքանով է արդարացված հոսանքի նույն սակագինը գազիֆիկացված և չգազիֆիկացված շենքերում

Որքանով է արդարացված հոսանքի նույն սակագինը գազիֆիկացված և չգազիֆիկացված շենքերում

104
0

15050452_10209254947423107_1241227994_n

Հայաստանը, լինելով առավել գազիֆիկացված երկրներից, մայրաքաղաքում այսօր դեռ կան բազմաբնակարան շենքեր, որոնք գազիֆիկացված չեն: Նման շենքերի բնակիչների համար կենցաղային հոգսերը միայն էլեկտրաէներգիայով լուծելը բավականին դժվար է, հատկապես ձմռանը, երբ ստիպված են ամբողջ բնակարանը էլեկտրաէներգիայով ջեռուցել:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ բնակիչների համար, ճիշտ է, դժվար է, բայց այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ չկան. «Հասկանալի է, որ այն բնակիչները, ովքեր էլեկտրականության միջոցով են ջեռուցումն իրականացնում, հայտնվում են ավելի ծանր վիճակում, բայց այդ մարդկանց համար տվյալ պարագայում սուբսիդավորման ծրագիր գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ մենք անհրաժեշտ միջոցներ չենք կարող հատկացնել, գոնե առաջիկա տարիների ընթացքում: Մասնավորապես, 2017 թվականի համար ծախսային առումով մենք նախատեսում ենք 17 մլրդ-ով ավելի պակաս ծախսել, քան ընթացիկ 2016 թվականին է եղել»:

Չնայած տնտեսագետը խնդրի էությունը հասկանում ու ընդունում է, բայց կարծում է, որ այս պահին ավելի մտահոգիչ խնդիրներ կան. «Այսօր դրան անդրադառնալը հնարավոր չեմ համարում: Իսկ ընդհանուր առմամբ՝ գազի սակագնի իջեցումը և, դրանով պայմանավորված,  էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազումը հանրապետության համար փրկություն չէ, բայց մարդկանց հոգսը որոշ չափով կթեթևացնի»:

Գազի սակագնի հնարավոր իջեցման վերաբերյալ մեր զրուցակիցը ընդգծեց, որ իջեցումը լիարժեք չէ, բայց որոշ չափով ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար. «Ինձ միշտ թվացել է, որ մենք ավելի շատ նվազեցման հնարավորություններ ունենք, քանի որ Ռուսաստանին 1000 խմ-ի համար վճարում ենք 150 դոլար, որն այսօրվա փոխանակային կուրսով նշանակում է՝ 1 խորանարդ մետրի համար 72 դրամ, մինչդեռ քաղաքացիները դրա համար վճարում են կրկնակիից ավելի: Իմ կոպիտ հաշվարկներով՝ ներկայիս սակագինը չափազանց բարձր է»:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նշում է, որ ճիշտ կլինի՝ միայն էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինն ավելի  ցածր լինի, որպեսզի հավասարություն լինի. «Օրինակ՝ նախկինում՝ խորհրդային տարիներին, որ շենքում գազ չկար, այդտեղ լույսն ավելի էժան էր, բնակիչները վճարում էին սակագնի կեսը»: