Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել էներգետիկ ոլորտի ընկերությունների ներկայացրած հայտերը՝ սակագները վերանայելու վերաբերյալ։ Համակարգի գրեթե բոլոր ընկերությունները հանդես են եկել նման առաջարկությամբ։
Հայտերն ուսումնասիրելու համար հանձնաժողովը 60 օր ժամանակ ունի։ Ժամկետի ավարտից հետո ինչ եզրակացության կհանգի այն, առայժմ դժվար է ասել։
Ամեն դեպքում, դատելով ներկայացված հայտերի բովանդակությունից, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անխուսափելի կլինի։ Այլ հարց, թե հանձնաժողովը որքանով հիմնավորված կհամարի ընկերությունների հաշվարկները։ Սովորաբար, ուսումնասիրություններից հետո առաջարկությունները մասամբ նվազում են։
Էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու անսպասելի բարձր առաջարկությամբ է հանդես եղել հատկապես Բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը։ Վերջինս նախատեսում է սպառողներին մատակարարվող ցածր լարման հոսանքի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։
Սա աննախադեպ կտրուկ առաջարկություն է, որի հիմնավորվածությունը խիստ կասկածելի է թվում։ Տարբեր խմբերի՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր լարման սպառողիների համար առաջարկվող բարձրացումը որեւէ համաչափության չի ենթարկվում։ Բոլոր դեպքերում, ընկերությունը նախատեսում է սակագներն ավելացնել նույն չափով՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրա ազդեցությունը տարբեր կերպ է արտահայտվում։
Այսպես՝ եթե ցածր լարման սպառողների ցերեկային սակագինն առաջարկվում է ավելացնել 40, ապա գիշերայինը՝ 53 տոկոսով։ Այսպիսի մոտեցումը հիմք է տալիս ասելու, որ ընկերության հայտը դուրս է տնտեսագիտական հիմնավորվածության տարրական տրամաբանությունից։
Էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու առաջարկությամբ են հանդես եկել նաեւ արտադրող եւ տեղափոխող կայանները։ Ընդ որում, խոսքը միայն ջերմային կայանների մասին չէ։ Մի շարք հիդրոէլեկտրակայաններ միավորող «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» հայտով նախատեսվում է ընկերությունում արտադրվող հոսանքի սակագինը կրկնապատկել։ «ՀարզդանՋԷԿ»-ի առաջարկությամբ սակագնային հավելումը հասնում է 19 տոկոսի։ Գրեթե 2 դրամի աճ է ակնկալում «Հրազդան 5-ը»։
Սակագները վերանայելու առաջարկությամբ է հանդես եկել նաեւ ատոմակայանը։ Վերջինս ակնկալում է սեփական արտադրության հոսանքի գինը 5.7-ից դարձնել 8.6 դրամ։ Այլ կերպ ասած, նախատեսվում է այն թանկացնել ավելի քան 50 տոկոսով։
Ակնհայտ է, որ էներգետիկ ոլորտի ընկերությունները սակագների բավական լուրջ բարձրացման ակնկալիք են ներկայացրել։ Եթե ընդունեք, որ դրանք արդարացված են, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի էական հարված կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը, առավել եւս, սոցիալական իրավիճակին։
Այնպես որ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծանր երկընտրանքի առջեւ է։ Անհրաժեշտ է գտնել այն արդարացված միջինը, որը թույլ կտա չվտանգել թե´ էներգետիկ համակարգի, եւ թե´ տնտեսության գործունեությունը։
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ