2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի 80 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, հավելելով, որ պետք չէ ակնկալել, որ հունիսի 2-ից ամեն ինչ լավ է լինելու:
«Ակնկալել, որ հունիսի 2-ից մեր կյանքում ամեն ինչ լավ է լինելու, անմտություն կլինի»,-ընդգծեց Պապիկյանը:
«Երբ խոսում ենք ուժի մեջ մտնելու մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ դա պետք է վավերացվի անդամ երկրների կողմից: Այս պահին ունենք երեք երկիր, որոնք վավերացրել են: Այս հարցը մեր արտաքին օրակարգում է, որպեսզի վավերացումն արագացվի»,- ասաց Պապիկյանը:
Պատասխանելով հարցին, թե որքան գումար է հատկացնելու ԵՄ-ն Հայաստանին, Պապիկյանն ասաց, որ Եվրամիությունը 2018 թվականի համար Հայաստանին կհատկացնի 36 միլիոն եվրո դրամաշնորհ՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար: