Ցանկացած հանրահավաքից հետո մենք լսում ենք հանրահավաքի մասնակիցների քանակի ակնհայտ իրարամերժ թվեր:
Ժամանակին Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը google map-ով մի նկար էր պատրաստել, որտեղ պարզ կարելի էր հաշվարկներ կատարել: Մասնավորապես՝ լուսանկարում ներքևի ձախ անկյունում երևում է մասշտաբը` այսքան չափը` 20 մ, Լևոն Բարսեղյանն այն դարձրել էր 10 մետր կողով քառակուսիներ եւ վանդակացանցով ծածկել լուսանկարը: Վանդակների թիվը 66 էր, ոչ լրիվ վանդակներինը` 23, խոսքը միայն կիսաշրջանաձեւ կամ լայն լուսնաձեւ ասֆալտածածկ հատվածի մասին է: Ստացվեց ընդամենը 7750 քառակուսի մետր:
Հանրահայտ է, որ հանրահավաքների ժամանակ հարթակին մոտ հատվածներում շատ ավելի խիտ են կանգնում մարդիկ՝ 1 քառակուսի մետրում 6-7, նույնիսկ 8 հոգի` իրար հպված, միջին մասում` նվազ` մոտ 5 հոգի 1 քառակուսի մետրում, եզրերին կամ «լուսանցքային» մասերում ու նստարանների մոտ նոսր` 3-4 հոգի/1 քառ մետր:
Անշուշտ լինում են հանրահավաքներ, որոնց ժամանակ հարակից այգիների ու գազոնների հատվածներում էլ են մարդիկ հավաքվում: 88-ի փետրվարյան հանրահավաքների վերջում փետրվարի 25-26-ին, մարդկանց խտությունն այնքան մեծ էր, որ դադարեցվել էր երթևեկությունը հարևան փողոցներում:
Այսպիսով, միջին մոտավոր հաշվով, 5-ական հոգի հաշվելով յուրաքանչյուր քառակուսի մետրում, որը շատ խիտ թիվ է, 7750 քառակուսի մետրում կարող են տեղավորվել 37-39 հազար մարդ: Մեծ խտության դեպքում` մինչեւ 42-45 հազար մարդ` միայն ասֆալտին:
Նույնատիպ հաշվարկներով Մատենադարանին հարակից հրապարակում տեղավորվում է 50 հազարին մոտ մարդ: