Ի՞նչ պայմաններով է նշանակվում տարիքային աշխատանքային կենսաթոշակը, ո՞ր տարիքից կարելի է այն ստանալ, և որքա՞ն աշխատանքային ստաժ է հարկավոր: Այս հարցերին ամիսներ առաջ Araratnews.am-ն արդեն իսկ անդրադարձել էր: Հիշեցնենք, որ Հայաստանում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Մինչդեռ պարզվում է, որ աշխատանքային կենսաթոշակ հնարավոր է ստանալ նաև ավելի վաղ` 62 տարեկանում:
Ի՞նչ է անհրաժեշտ այդ տարիքում կենսաթոշակի անցնելու համար, և ի՞նչ ընթացակարգով քաղաքացին կարող է դիմել 62 տարեկանում իրեն աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար: Այս հարցերը Araratnews.am-ի հետ զրույցում մանրամասնեց փաստաբան Տաթևիկ Ղարիբյանը:
«Տարիքային աշխատանքային կենսաթոշակ 62 տարեկանում կարող է նշանակվել, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում»,- նշեց փաստաբանը:
Իսկ ո՞րն է աշխատանքային ստաժի և օրացուցային տարվա աշխատանքային ստաժների տարբերությունը. «Երբ օրենքում նշվում է օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, ապա նկատի է առնվում զուտ աշխատանքային ստաժը, իսկ երբ նշվում է, ինչպես տվյալ դեպքում` 35 տարվա աշխատանքային ստաժ, դրա հաշվարկի մեջ մտնում են ոչ միայն աշխատանքային ստաժը, այլ նաև այլ ժամանակային ստաժներ, օրինակ` գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը, երեխայի մինչև 2 տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը, բայց ոչ 6 տարուց ավելի, ուսումնական հաստատություններում (բացի հանրակրթականից) սովորելու ժամանակահատվածը` կրկին ոչ ավելի, քան վեց տարի և այլ ժամանակաշրջան»:
Կենսաթոշակի համար դիմելու ընթացակարգը հետևյալն է. պետք է ներկայացնել դիմում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այն տարածքային ստորաբաժանում, որտեղ տվյալ անձը հաշվառված է, անձը հաստատող փաստաթուղթ, աշխատանքային գրքույկը և լուսանկար:
Էմմա Հովսեփյան