«Ես, դուք տեսնում եք, որ ավելի շուտ եմ իմ դիմումը ներկայացրել, քան դուք ձեր այս աղմուկը բարձրացրել եք: Մի հատ նայեք թվերը»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով նրան, որ ինքը դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Երեւանում վարձով բնակարանների համար 100 հազար դրամ ԱԺ-ից փոխհատուցում ստանա, ապա հետ է վերցրել դիմումը:
Ղուկասյանը հայտնեց, որ դեռ սեպտեմբերի 25-ին է դիմումը հետ վերցրել: «Չնայած ես չեմ էլ կարող որեւէ մեկին ասել, թե մարդիկ ինչո՛ւ են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված է, իրենց իրավասությունն է: Հետո` ինչքան ես շատ գումար ունենամ, էնքան ժողովուրդը շատ կօգտվի, դուք էդքան մի՛ խառնվեք»:
Վարդան Ղուկասյանը հստակ չնշեց, թե ի՛նչն է ստիպել իրեն հետ վերցնել իր դիմումը: Նա միայն նշեց. «Որ ձեզ տամ, որ այդ գումարը վերցնեք, հարստանաք, ճոխանաք»: Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Գագիկ Ծառուկյանն է նկատողություն արել իր խմբակցության պատգամավորներին 100 հազար դրամ փոխհատուցում ստանալու դիմումի համար, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Նմանատիպ հարցերն այնքան ցածր են, որ այդ հարցերը չեն քննարկվում «Ծառուկյան» խմբակցության մեջ: Ես զարմանում եմ, թե դուք ի՞նչ եք խառնվել: Ես ամոթ էլ եմ զգում սրա մասին մեկնաբանություն տալ»: