Խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր առավոտյան հացադուլ է սկսել: Այդ մասին Araratnews.am-ին ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը։
Ավելի վաղ Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին («Ժառանգություն»), Նիկոլ Փաշինյանին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:
Նամակում մասնավորապես ասված էր.
«Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն՝ ՀՀ-ում օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք Ձեզ հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք. «Եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք, և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»: Ահա թե ինչ է տեղի ունեցել… Խոսքը վերաբերում է կոնկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թ. հոկտեմբեր ամսին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէին գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր: ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան: Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան: Մենք՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներս, գիտենք, որ դատարանը մեզ զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից: Մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք Ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ: Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը Ձեզ համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի»: