տուն Լուրեր Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Նուբարաշենի նախկին թաղապետը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Նուբարաշենի նախկին թաղապետը տեղում մահացել է

133
0

8f86647a8948fa10238087b7bf0b8123

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը՝ մարզի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, լրացուցիչ ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։ Փրկարարներին են միացել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Այնուհետև փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին են միացել Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Վալերի Գյուլամիրյանը և Նարեկ վարչական շրջանի ղեկավար Գարուշ Հակոբյանը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև մեծ թվով գյուղացիներ և Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող քաղաքացիներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ ահազանգողը չի կարողացել հստակ մատնանշել վթարի վայրը, գրեթե մի քանի ժամ շարունակվել են որոնողական աշխատանքները և միայն առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում նշված հանքի հարևանությամբ գտնվող ձորում ճանապարհից մոտ 100 մետր խորության մեջ հայտնաբերվել է Nissan Patrul մակնիշի 10 PO 010 համարանիշի ավտոմեքենան։ Փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին։ Քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանին և 36-ամյա Կարեն Ներսիսյանին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և 4-րդ վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացաններ, ատրճանակ, 3 խփված նապաստակ և հավանաբար նրանք որսի են եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում: