Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ագրեսիվ տնտեսական քաղաքականություն վարելու առաջարկին, խոսեց ներդրումային քաղաքականության մասին՝ բերելով նախկինում ընդունված մեթոդները։
«Սովորաբար Կառավարությունում և Ազգային ժողովում նախկինում հավաքվել են լավ տղերքը, և երբ ներդրում են ասել, ասել են հիմա մենք ո՞նց պետք է ներդրում բերենք։ Մենք բոլորս ախպերներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, և կան ախպոր ախպերներ և կան ախպոր, ախպոր ախպերներ։ Հիմա մենք պիտի ներդրումներ բերենք Հայաստան, որ լավ լինի։ Ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին և ախպերներով պետք է գանք, ներդրում անենք՝ մի բան լինի»։
Փաշինյանը նշեց, որ երևույթը չի ֆետիշացնում՝ առաջարկելով նայել մեր երկրի ներդրումների պատմությանը։
«Ոչ մի պատահական մարդ Հայաստանում ներդրում չի արել։ Դրա համար Հայաստանի տնետեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվենք։ Սա՛ է հեղափոխությունը։ Մենք դաշտ ենք ստեղծում ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ լինեն գաղափարները, լինեն մեխանիզմները»,- շեշտեց վարչապետը։
Նրա խոսքով, երբ «Economy» ամսագիրը գրում է, որ Հայաստանը հեռանկարային երկիր է, դա ազդակ է ներդրողների համար։
Փաշինյանը նշեց, որ իրենք ներդրողին խրախուսելու այլ միջոցների էլ են դիմում, մասնավորապես Հարկային օրենսգրքի փոփոխությանը։