տուն Լուրեր Ոչ մի հիմք գոյություն չուներ, ամբողջովին քաղաքական հետապնդում էր. Մարտիրոսյան

Ոչ մի հիմք գոյություն չուներ, ամբողջովին քաղաքական հետապնդում էր. Մարտիրոսյան

104
0

armen

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախ դիմեց լրագրողներին, նշելով, որ շատ ուրախ է նրանց տեսնելու եւ, որ ամենակարեւորն է՝ ողջ-առողջ: Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Սարի թաղում լրագրողները նույնպես տուժել էին: Ապա նա անդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործին: «Ոչ մի հիմք գոյություն չուներ, ամբողջովին քաղաքական հետապնդում էր: Բոլորին է հայտնի, թե մենք ինչ ենք արել, թե սադրիչներն ովքեր էին, ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչները ինչ օպերատիվ ծառայություն էին իրականացնում, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին գործում, կադրերից երեւում է, որ նրանց ձեռքերին տարբեր տեսակի ձողեր կային»,- ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ շնորհիվ  նկարահանված կադրերի մեկ անգամ եւս ապացուցվել է ոչ միայն իր  անմեղությունը, այլ նաեւ մյուս քաղբանտարկյալների: Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ մյուս քաղբանտարկյալները եւս շուտով ազատ կարձակվեն:

Մարտիրոսյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, պատգամավորներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր պայքարել են ոչ միայն իր ազատության, այլ նաեւ մյուսների համար: «Հատկապես շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ լավ ընկեր Լյովա Խաչատրյանին` մարդկային բարձր արժանիքների համար, ով կազմակերպել էր պատգամավորների ստորագրահավաքը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ շնորհակալություն  հայտնեց լրագրողներին, ովքեր բազմաթիվ վկայություններ են տվել, որ իրենք բացառապես խաղաղ ակցիա են իրականացրել:

Նրա խոսքով` դատարանները պետք է ազատ լինեն եւ չկատարեն իշխանության հրահանգը: