տուն Լուրեր Ոչ մարդ է վատացել, ոչ էլ` մահացել. էրիկը՝ «Եվրատեսիլի» մասին

Ոչ մարդ է վատացել, ոչ էլ` մահացել. էրիկը՝ «Եվրատեսիլի» մասին

123
0

Թել Ավիվում  տեղի ունեցող երգի «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանը եզրափակիչ փուլ չանցավ: Ինչպես արդեն տեղեկցրել էինք, մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր Սրբուկը «Walking Out»  երգով:  Մրցույթին հետեւողներին զարմացրել, միաժամանակ նաեւ զայրացրել էր  Սրբուկի՝ եզրափակիչ փուլ չանցնելը, քանի որ նրա երգը  ֆավորիտներից էր: Նման արդյունքը  երգչուհու համար էլ էր անակնկալ:

Araratnews.am-ը կապ հաստատեց «Եվրատեսիլի» Հայաստանի ժյուրիի անդամ Էրիկ Կարապետյանին: Էրիկ Կարապետյանի խոսքով՝ Սրբուկը  շատ լավ ելույթ ունեցավ, պարզապես մարդկանց ճաշակներն են տարբեր: «Օրինակ, Դանիայի երգը, ըստ արդյունքների, ավելի լավն էր, սակայն ինձ համար դա ոչ մի բան էր, կարծես մանկապարտեզի երգ  լիներ: Կամ՝ Ալբանիայինը։ Իսկ Սրբուկը երգել է լավ, թիմն աշխատել է շատ լավ »,- մանրամասնեց երգիչը:

Էրիկի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես է ժյուրին քվեարկել: Գուցե ժյուրին քվեարկել է երգչուհու օգտին, բայց հաղորդագրությունները բավարար չեն եղել, որ նա  անցնի հաջորդ փուլ:

Մրցույթին հետեւողների շատերի կարծիքով Հայաստանի՝ եզրափակիչ չանցնելու պատճառը երգչուհու բեմական անհաջող հագուստն ու շոուի բացակայությունն էր: Սակայն Էրիկը համաձայն չէ այս կարծիքին, քանի որ, ըստ նրա՝ մասնակիցների մեծ մասի շոուի մեջ մինիմալիզմի տարրեր էին: « Բացի այդ՝ մարդիկ քվեարկում են երգը, ոչ թե արտաքին տեսքը կամ շոուն: Հիմա մինիմալիստականն է նորաձեւ: Օրինակ, Խորվաթիայի ներկայացուցիչը, որ հրեշտակի թեւերով էր, դա շատ վատ էր, անճաշակ»,- կարծում է  Հայաստանի ժյուրիի անդամը:

Մեր հարցին, թե հետայսու կարող ենք Եվրատեսիլի հարթակն օգտագործել միայն ազգային մշակույթը ներկայացնելու համար՝ Էրիկը նկատեց, որ «Եվրատեսիլը» եվրոպական երգի մրցույթ է, որտեղ լսում են մեկ անգամ, քվեարկում մեկ անգամ: «Այդ 3 րոպեում  չես կարող հայոց մշակույթը ներկայացնել, քանի որ եվրոպացին չի հասկանա: Հետևաբար, ոչ մշակույթը կարող ես ներկայացնել, ոչ էլ հասկանալի դարձնել:  Էթնիկ տարրեր կարելի է օգտագործել շատ նուրբ, որ եվրոպացուն չծանրաբեռնենք»,- ասաց երգիչը:

Ինչ վերաբերում է մրցույթը բոյկոտելուն ու դրա քաղաքական լինելուն, Էրիկի կարծիքով՝ այն քաղաքական չէ ու պետք չէ բոյկոտել: «Ո՛չ մարդ է մահացել, ո՛չ էլ մարդ է վատացել մրցույթից հետո: Պետք է թեթեւ վերաբերվել: Այս անգամ չեղավ, մյուս անգամ կլինի: Եվրատեսիլը եզակի է իր տեսակով: «Մրցույթի մասին շատ են խոսում, երկրի փիառն է նաև լինում այդ մրցույթում»,- ավարտեց իր խոսքը Հայաստանի ժյուրիի անդամը:

Սոնա Դավթյան