ՀՀ կառավարության հաստատմանն այսօր ներկայացվեց նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասները վերացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 902 մլն 448 հազ դրամ տրամադրելու մասին որոշման նախագիծ։
Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ սա այն հարցն է, որ պետք է թույլ տրվի, որ շինարարությունն իրականացվի մեկ աղբյուրի կողմից, քանի որ, եթե մրցույթ հայտարարվի, ապա այն կտևի երկու ամիս։ «Դա անիմաստ կլինի, քանի որ ինքս ականատես եմ եղել Արագածոտնի մարզում դպրոցների, բնակելի շենքերի, որոնց տանիքները լիովին չկան, այս եղանակին նախագծով պետք է թույլ տրվի մի աղբյուրից շինարարություն իրականացնել»,-ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը այլ մտահոգություն ունի՝ ներկայացված գումարի չափը իրականությանը չի համապատասխանում։ «Պետք է աջակցենք, բայց պետք է լինի օբյեկտիվ, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մի քանի օրում մարզերում հաշվարկներ կկատարի, որին զուգահեռ աշխատանքներ պետք է իրականացվեն»,-եզրափակեց նա։