տուն Լուրեր Ուժեղ քամին Արմավիրի մարզի մի քանի գյուղերում վնասներ է պատճառել

Ուժեղ քամին Արմավիրի մարզի մի քանի գյուղերում վնասներ է պատճառել

153
0

Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը:

«Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում են նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները:

Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները: