տուն Քաղաքական Միջազգային Ուզբեկստանում Արամայիս Ավագյանին 7 տարվա ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով ԻՊ-ի հետ կապերի...

Ուզբեկստանում Արամայիս Ավագյանին 7 տարվա ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով ԻՊ-ի հետ կապերի մեջ

82
0

uzbekՈւզբեկստանի Ջիզակի մարզի գյուղացի Արամայիս Ավագյանը, որին մեղադրում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ, 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ջիզակի քրեական գործերով դատարանը հրապարակել է Ավագյանի եւ նրա ընկերների դատավճիռը, որի համաձայն՝ Ավագյանը դատապարտվել է 7 տարվա, իսկ նրա ընկերներ Ֆուրքաթն ու Ջուրաեւը՝ 12 տարվա ազատազրկման:Բեկթեմիր Ումրազկովը դատապարտվել է 6 տարվա, Դիլշոդ Ալիմովը եւ Աքմալ Մամաթմուրոդովը՝ 5 տարվա ազատազրկման:

Մեղադրյալներին մեղադրանք է ներկայացվել Ուզբեկստանի ՔՕ հետեւյալ հոդվածներով՝ կողոպուտ, կրոնական, ծայրահեղական, անջատողական, ֆունդամենտալ կամ այլ արգելված կազմակերպությունների ձեւավորում եւ ղեկավարում:

Ozodlik-ի տեղեկություններով՝ Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրին Թուրսունովան, հայտնել է, որ դատական նիստը սկսվել եւ ավարտվել է շատ արագ:

«Դա ինչ-որ անսովոր գործընթաց էր: Այն տեւեց 10 րոպե: Ես չհասցրի մտնել նիստերի դահլիճ: Մյուս մեղադրյալների հարազատներին նույնպես չթողեցին: Փաստաբանը նույնպես ներկա չէր դատավճռի հրապարակման պահին»,- ասել է Թուրսունովան:

Հիշեցնենք, որ ձկնաբուծական բիզնես նախաձեռնած 33-ամյա Արամայիս Ավագյանը խնդիրներ էր ունեցել Դիզակի համայնքապետի հետ: Նա, ըստ հայազգի երիտասարդի ընտանիքի, հրաժարվել էր համայնքապետին հանձնել ձկներով լի ձկնաբուծարանը, երկարատեւ վեճերից հետո 2015 թվականի սեպտեմբերի 4-ին նրան առեւանգել էին: Ավելի ուշ հարազատներն իմացել են, որ 33-ամյա Արամայիս Ավագյանին Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է իսլամիստական ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:

Արամայիս Ավագյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքներից ոչ մեկը:

Հիշեցնենք, որ Արամայիս Ավագյանի դատական գործի 2 նիստերը «Oզոդլիք» ռադիոկայանի լուսաբանումից հետո նախկինում հայ գյուղացու դեմ վկայություն տված վկաները հրաժարվել էին ցուցմունքներից:

Սակայն Ջիզակի մարզի իշխանությունները շարունակել են ճնշում գործադրել նրա կնոջ վրա՝ պահանջելով չհամագործակցել լրատվամիջոցների հետ: Ավագյանի հարազատները ռադիոկայանին հայտնել են, որ հայ գյուղացին հետաքննության ընթացքում խոշտանգումների է ենթարկվել: