2019 թ. սեպտեմբերի 20-ից ուսանողները հնարավորություն կստանան իրենց ուսման դիմաց վճարել եկամտահարկից փոխանցումներ անելով։ Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագիծն արդեն ներկայացվել է կառավարությանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը` հավելելով, որ մինչև մայիսի 20-ը նախագիծ նախատեսվում է քննարկել Կառավարության նիստում, հունիսին այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։ Իսկ սեպտեմբերի 1-ից կսկսի գործել։
«Հեծանիվ չենք հորինել։ Շատ երկրներում կա այդ իրավական կարգավորումը։ Բայց այդ երկրներում ուսանողներն ընդհանրապես ազատվում են եկամտահարկից, իսկ մեր պարագայում եկամտահարկն ուղղվելու է կոնկրետ նպատակի»,– ասաց Գաբրիելյանը։
Օրենքը կնպաստի, որ թաքնված աշխատատեղերը դուրս գան ստվերից, քանի որ ուսանողներն այս դեպքում արդեն շահագրգռված կլինեն գրանցվելու որպես աշխատող։
«Մեր գերնպատակն ուսանողներին, բուհն ու աշխատաշուկան իրար կապելն է և հնարավորինս այնպես անելը, որ տեսական ու գործնական գիտելիքներն իրար հետ կապված լինեն։ Այս փուլում նպատակ ունենք աջակցել ուսանողին սեփական կրթության դիմաց վճարելու հարցում, բայց առաջիկայում առաջնահերթ կխրախուսենք հատկապես մասնագիտական աշխատանքը, որովհետև այսօր հաճախ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ գերազանց բուհն ավարտածը գնում է աշխատանքի, ու պարզվում է, որ մեծ բաց կա պրակտիկ գիտելիքների մասով»,– ասաց Մակունցը։