Ինչպես տեղեկացրել էր Առավոտը, այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ու հարակից Ամենափրկիչ եկեղեցու բակում արտակարգ իրավիճակ էր․մեծ թվով գյումրեցիներ՝ նամակները ձեռքերին, սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրանցից շատերը եկել էին երեխաների հետ, նույնիսկ կային զգալի թվով մարդիկ, որոնք հրապարակ էին բերել սալյակին գամված իրենց փոքրիկներին։ Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև ձեռնափայտով, տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող տարեցները։ Նրանք փակել էին Վարդանանց հրապարակն Ամենափրկիչ եկեղեցուց բաժանող փողոցը, վարորդները խնդրում էին ճանապարհ տալ։ Եղավ մի պահ, երբ երեխաներից մեկը մազ էր մնացել, որ ընկներ մեքենայի տակ։ Հավաքվածները բացառապես եկել էին նյութական օգնություն խնդրելու, նույնիսկ տարեց մի կին, որը ձեռնափայտով էր, չէր կարողանում քայլել, ասաց, որ եկել է իր նոր ստացած սոցիալական բնակարանի համար գոնե մի սեղան ու աթոռ խնդրելու։ Նյութական օգնություն խնդրելու էին եկել նաև ԲՀԿ կուսակցության մեջ անդամագրված մարդիկ, օրինակ՝ Տերյան փողոց 120/110 բնակիչ Հայկանուշ Մանուկյանը։ Նա ասաց, որ ինքը թեև ԲՀԿ-ական է, բայց ժողովներին երբևէ չի մասնակցել, որոշել է Վարդանանց հրապարակում հանդիպել իր կուսակցության առաջնորդին, ընդ որում նրանից բուժվելու ծախսեր խնդրելու համար։ Գագիկ Ծառուկյանին սպասելիս՝ մի տարեց կին ուշագնաց եղավ։
Հ.Գ. Դեպքի մանրամասները ճշտելու համար araratnews.am-ը կապ հաստատեց ԱԺ «Ծառուկյան» Դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ է միջադեպի մասին իմացել եւ անմիջապես իրեն հանձնարարել է հետաքրքրվել կնոջ առողջական վիճակով եւ գումար տրամադրել բուժման համար. «Ես անձամբ գնացել եմ հիվանդանոց, խոսել բժիշկների հետ։ Նրանք հավաստիացրել են, որ կնոջը Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, վերջինս ունեցել է արյան բարձր ճնշման խնդիր։ Պարզվեց կինը մենակ է ապրում։ Պարոն Ծառուկյանի հանձնարարականով ես կնոջը 1000 դոլարին համարժեք դրամ եմ փոխանցել բուժման եւ ամանորյա ծախսերի համար։ Նա «սիստեմա» է ընդունել եւ գնացել տուն»։