Հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից 3-ում՝ Գորիսում, Շիրակամուտում եւ Արտաշատում, տեղի կունենան արտահերթ ընտրություններ:
Araratnews.am-ը շարունակում է ներկայացնել հանրապետության այն մարզերը եւ առաջադրված թեկնածուների ցուցակը, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու հաջորդ ամիս կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի այն համայնքները, որտեղ կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Այժմ ներկայացնում ենք Լոռու մարզում տիրող իրավիճակն այս առումով:
Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարում է երկու թեկնածու. ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ-ական Սասուն Խեչումյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է նաեւ անկուսակցական ինքնաառաջադրված Նիկոլայ Դավթյանը:
Երեք թեկնածու է առաջադրվել Լոռու մարզի Ախթալա համայնքում: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Ախթալայի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Ճոճկանի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արկադի Թամազյանն ու անկուսակցական Սուրեն Թամազյանը:
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքն ունի առաջադրված 4 թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կուրթան համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Մհեր Գեւորգյանը, Գյուլագարակի ինքնաառաջադրված ՀՀԿ-ական ղեկավար Խաչիկ Վարդանյանն ու անկուսակցականներ Ալեքսանդր Գրիգորյանն ու Սայադ Այվազյանը:
Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Կողես համայնքի գործող համայնքապետ ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է Բովաձորի գործող համայնքապետ ՀՅԴ-ական Էդուարդ Մելիքսեթյանը:
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Մարգահովիտի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Անանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է Մարգահովիտի գյուղապետարանի ավագ մասնագետ ՀՀԿ-ական Կարեն Սարդարյանը:
Երեք ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Լոռու մարզի Մեծավան համայնքը: Այստեղ ինքնաառաջադրվել են Մեծավանի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սերյոժա Վարդանյանը, Միխայլովկայի անկուսակցական գյուղապետ Լեւոն Դիլբարյանն ու անկուսակցական Արման Վարդանյանը:
Լոռու մարզի Շնող համայնքում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է Շնողի ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Ղումաշյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Լեւոն Հոբոսյանն ու Արտակ Գեւորգյանը:
Իսկ Լոռու մարզի Սարչապետ համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Սարչապետի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Բորիս Բարոյանը: Նույն մեխանիզմով ինքնաառաջադրվել է նաեւ անկուսակցական Սենո Իգնատյանը:
Ստեփանավանում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ստեփանավանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ ինքնաառաջադրվել է Ուրասարի անկուսակցական գյուղապետ Արտակ Կիրակոսյանը:
Նույն մարզի Տաշիր համայնքում, ՀՀԿ-ն անկուսակցական թեկնածուին սատարելով, պայքարելու է իր կուսակցական ինքնաառաջադրված թեկնածուի դեմ: Այստեղ ՀՀԿ-ի թեկնածուն Տաշիրի անկուսակցական քաղաքապետ Էդգար Արշակյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն ՀՀԿ-ական Գարիկ Սոլոյանն է:
Օձունում ՀՀԿ-ն առաջադրել է Օձունի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Տիտանյանի թեկնածությունը, եւ ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Բարսեղ Այվազյանն ու Դոնարա Հախինյանը:
Այս մարզում մյուս կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:
Փայլակ Ֆահրադյան