Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վեդի համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը նույն օրը` 2010 թվականի փետրվարի 16-ին, ընդունվել է համալսարան եւ նույն օրն էլ ավարտել այն: Կենսագրականում, իհարկե, նշված չէ, թե խոսքը որ համալսարանի մասին է: «Օտար լեզուների իմացություն» բաժնում էլ նշված է, որ ՀՀԿ-ական քաղաքապետը անգլերեն կարդում եւ թարգմանում է բառարանով:
Ո՞ր համալսարանն է հնարավորություն տալիս մեկ օրում այն ավարտել` Araratnews.am-ը փորձեց ճշտել քաղաքապետից, սակայն քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ Վարուժան Բարսեղյանը արձակուրդում է եւ բացակայում է երկրից:
Նրա քարտուղարուհին մեզ ասաց, թե միայն տեղյակ է, որ քաղաքապետը Երեւանում է սովորել, ավելին` երկու մասնագիտություն ունի: Պարզվեց` ՀՀԿ-ական քաղաքապետը մասնագիտությամբ պատմաբան ու իրավաբան է:
Ինչ վերաբերում է անգլերենի իմացությանը, ապա, ըստ քարտուղարուհու` Վարուժան Բարսեղյանը քաղաքապետարանում երբեք անգլերեն չի խոսել, ուստի ինքը չի կարող նրա օտար լեզուների իմացության մասին տեղեկություններ հաղորդել: