Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները վերսկսում են պայքարը հացադուլով․ «Տարկետման իրավունքը վերաիմաստավորելու կարիք կա, սակայն այդ իրավունքը պետք է պահպանվի։ Վերաարժևորելու միակ ճանապարհը պետք է լինի կոռուպցիոն ռիսկերը վերացնել կամ նվազեցնել։ Կդադարեցվի հացադուլը միայն այն ժամանակ, երբ որ լինեն սպառիչ պատասխաններ»,- հայտարարում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, հավելելով, որ իրենց բանակցություններն իշխանությունների հետ արդյունավետ չեն եղել, ուստի ԵՊՀ-ի լսարաններից մեկում սկսում են հացադուլ․ «Քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» նոր օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։ Կառուցողական երկխոսություն սկսելուց և փոխադարձ ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանն այլ բան չի մնում, քան իշխանությունների հետ քննարկումներն ավարտված համարել և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։ Պայքարը դադարեցվել էր հացադուլի փուլում, և այժմ մենք անցնում ենք հացադուլի։ Միայն մեր պահանջի բավարարման դեպքում մենք կդադարեցնենք հացադուլը»:
«Ռազմաարդյունաբերական համալիրի շրջանակներում պատրաստ են օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով գիտության շարունակականության խնդիրը։ Բնագիտական ուսանողների դեպքում էլ մինչև այժմ չի նշվում, թե որքան ուսանող հնարավորություն կունենա օգտվելու տարկետման իրավունքից»,- ասում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նա մեջբերում է «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» նոր օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի՝ տարկետման իրավունքը տրամադրվում է այն գիտություններով զբաղվող ուսանողներին, որոնք օգտավետ են ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն հանճարեղ ու բացառիկ ուսանողների համար․ «Մինչև այժմ չի նշվում, թե բացառիկ կամ հանճարեղ ասելով ում նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ 5-րդ կետը ունենալու է շատ լուրջ թերություններ և 5-րդ կետը չի ծառայելու այն նպատակին, որով որ մենք կարծում ենք»,- ասվում է «Հանուն գիտության զարգացման» հայտարարության մեջ։