ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած և դեռևս ձևավորման փուլում գտնվող «Քաղաքացիական շտաբը» իրեն համեմատում է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հետ, որի խորհրդի անդամ է Նիկոլ Փաշինյանը: Համեմատում է, սակայն մրցակից չի համարում: Այս մասին «Քաղաքացիական շտաբի» մամլո խոսնակ Վարդան Քոչարյանն այսօր հայտարարություն է տարածել:
«Քաղաքական դաշտում այսօր ձևավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Քաղաքացիական շտաբը»:
Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում այսօր մեկ օրակարգ կա` հակազդեցություն կամ գոնե մրցակցություն առաջացնել այս երկու ուժերի միջև: Թեման մեկ և ընդմիշտ փակելու համար պաշտոնապես հայտարարում եմ` «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը և Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների գործունեությունը, նրանց պայքարը հանուն երկրում առկա պրոբլեմների լուծման և հայաստանցու շահերի պաշտպանության:
Մենք գտնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարևորագույն գործառույթ ունի երկրում և իրականացնելու է քաղաքական սերնդափոխության արդիական պահանջը: Մենք չենք տեսնում մեզ ո՛չ մրցակցային, ո՛չ էլ առավել ևս հակազդեցության դաշտում»: