Շիրակի մարզից ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը դեռեւս չի շտապում հայտարարել, թե որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ինչ առաջնահերթ խնդիրների մասին է խոսելու ԱԺ-ում: Araratnews.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Ղուկասյանն ասաց, թե երբ ժամանակը գա, դրա մասին բոլոր կիմանան:
Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում դաշինքի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե իրենց փոխարեն ինքնաբացարկի դիմումներ են գրել, եւ իրենք որեւէ կապ չունեն: ԱԺ նորընտիր պատգամավորը հայտարարեց, թե սխալ հասցեով ենք դիմել: «Ուրիշ տեղ պետք է զանգես, որ համապատասխան քեզ պատասխանեն»,- ասաց Վարդան Ղուկասյանը: Ուրիշ տեղ ասելով, պարզվեց, Ղուկասյանը նկատի ուներ նման հայտարարություն անողներին:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչին փոխանցեցինք, որ նրանք պնդում են, թե իրենց փոխարեն են ինքնաբացարկի դիմում գրել, Ղուկասյանը նշեց, թե այդ դեպքում առաջարկում է տեղեկություններ ստանալ դաշինքի մամուլի պատասխանատուներից, իսկ իրեն հարցեր ուղղել անձրեւից, որովհետեւ Գյումրիում տեղումներ են: «Ա´յ էստեղ անձրեւ է, ինչ լավ է»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի 23 ներկայացուցիչներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել: Համենայն դեպս, նման հայտարարություն տարածել էր ԿԸՀ-ն: Երեկ սակայն պարզ դարձավ, որ դիմումատուներից 12-ն իրականում այլ բան հայտարարեցին, մասնավորապես, պնդեցին, որ ինքնաբացարկ չեն հայտնում: ԿԸՀ-ն դաշինքի 12 ներկայացուցիչներից 8-ի դիմումը չեղյալ համարեց, եւ նրանք ստացան պատգամավորական մանդատ:
«Ծառուկյան» դաշինքը դեռեւս չի պարզաբանել տեղի ունեցածը:
Փայլակ Ֆահրադյան