տուն Լուրեր Ում բաժին կհասնի ԱԺ ճաշարանը

Ում բաժին կհասնի ԱԺ ճաշարանը

157
0

aj BUFET

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել էր, որ հայ հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն, հետաքրքրված է Ազգային ժողովի ճաշարանի կառավարմամբ: Երեկ նա գնացել էր խորհրդարանի ճաշարան՝ պարզելու, թե որքանով է եկամտաբեր ճաշարանի շահագործումը: Araratnews.am-ի  տեղեկություններով՝  օրենսդիր մարմնի ճաշարանը սպասարկող ընկերության փոփոխությամբ  շահագրգռված է նաև այս տարվա մայիսից ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակված Արա Սաղաթելյանը: Նշանակումից ի վեր նա փորձում է կադրային փոփոխություններ ու վերադասավորումներ իրականացնել իրեն ենթակա կառույցներում:

Խորհրդարանի միջանցքներում շրջանառվող լուրերի համաձայն՝  ՀՏ Հայկոյի`  օրենսդիր մարմնի ճաշարանով հետաքրքրվելը պատահական չէ: Ասում են, թե ամռանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արթուր Թովմասյանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանի որդին,  ԱՄՆ-ում պատահմամբ հանդիպել է իր  մտերիմ ծանոթ ՀՏ Հայկոյի հետ: Ու քանի որ Արա Սաղաթելյանը, ըստ լուրերի, դժգոհ է ճաշարանի կառավարումից, նրա օգնականը ՀՏ Հայկոյին առաջարկել է զբաղվել ճաշարանի կառավարմամբ:

Տեղեկացնենք, որ ՀՏ Հայկոն սննդի ոլորտում աշխատանքային փորձ ունի: Նա 90′s Cafe-Pub-ի համասեփականատերերից է:

Araratnews.am-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանը հերքեց ՀՏ Հայկոյի հետ հանդիպման, ճաշարանով հետաքրքրված լինելու լուրերը: «Այդ ամենը զրպարտություն է: Մնացած հարցերով դիմեք ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին»,- հորդորեց  ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնականը:

ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին հարցրինք՝ հավաստի՞ են այն լուրերը, որոնց համաձայն՝  Արա Սաղաթելյանը դժգոհ է ճաշարանը սպասարկող ընկերությունից  եւ որոշել է մրցույթ հայտարարել ճաշարանի սպասարկման համար: «Արա Սաղաթելյանի նշանակվելուց հետո կարեւորվել է աշխատակիցների կարծիքը: 3 ամիս առաջ  մեր աշխատակիցների շրջանում անցկացրած հարցումներից պարզել էինք՝ ճաշարանի բարելավման կարիք կա: Աշխատակիցները դժգոհ են  սննդի որակից, գներից, օդափոխությունից: Արա Սաղաթելյանը շահագրգռված է, որ խորհրդարանում բոլոր գործառույթները փայլուն լինեն»,- մանրամասնեց Արսեն Բաբայանը:

ԱԺ հանրային կապերի վարչության պետի խոսքով՝ հիմա մշակվում են  այն պահանջները, որոնք պետք է առաջադրվեն ճաշարանի սպասարկման մրցույթին: «Հանձնաժողովի ձեւավորումից ու չափանիշների մշակումից հետո մրցույթ կլինի, հաղթող  ընկերությունը կղեկավարի օրենսդիր մարմնի ճաշարանը»,- ասաց խորհրդարանի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Արթուր  Թովմասյանի հետաքրքրվածությանը,  Արսեն Բաբայանն ասաց, որ դա էական նշանակություն չունի:  Արթուր  Թովմասյանն ինչքան էլ հետաքրքրված լինի խորհրդարանի ճաշարանով, հայտարարվելու է մրցույթ: Բացի ՀՏ Հայկոյից,  5 ընկերություն եւս հետաքրքրված է ճաշարանի կառավարմամբ:

Եթե  ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը  դժգոհ է  ճաշարանի վիճակից, ինչո՞ւ  չեն առաջարկում  ճաշարանը սպասարկող ընկերությանը շտկել թերությունները: ԱԺ հանրային կապերի վարչության պետն ասաց, որ  3 ամիս առաջ ներկայացրել են իրավիճակը ճաշարանի ղեկավարմամբ զբաղվող ընկերությանը: Նա, Բաբայանի խոսքով, միգուցե փորձել է կատարել որոշակի փոփոխություններ, բայց դրանք դեռ չեն բավարարում ԱԺ աշխատակիցների պահանջները:

բուֆետ

Զրուցեցինք նաև ճաշարանի կառավարմամբ զբաղվող «Ազգային սնունդ» ընկերության ղեկավար, հրուշակագործ Էդուարդ Գրիգորյանի հետ: Նրա խոսքով՝ մրցույթի անցկացման մասին իրեն ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է մի քանի օր առաջ՝ նախորդ շաբաթ:

«Ազգային սնունդ» ընկերության ղեկավարը սննդի բնագավառում աշխատելու երկար տարիների փորձ ունի: Հիշում է՝ ժամանակին  պատգամավորների մեծ մասն էր օգտվում խորհրդարանի ճաշարանից, բայց  աստիճանաբար նրանց թիվը  նվազեց:

Էդուարդ Գրիգորյանի խոսքով՝ մի քանի անգամ  խորհրդարանի ճաշարանը հանձնել են տարբեր կառավարիչների, սակայն նրանք չեն կարողացել ղեկավարել այն: Դրանից հետո՝ 2014-ին, հետ են կանչել Էդուարդ Գրիգորյանին: Նա 2009-2014-ին ԱԳ նախարարության խնդրանքով աշխատել է նախարարության ճաշարանում, որը, իր խոսքով, մի խոհանոցի չափ տարածք է: Աշխատանքն այնքան է գոհացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ անգամ Էդուարդ Գրիգորյանին շնորհակալագրով է պարգեւատրել:

111

Հնարավո՞ր է, որ ԱԺ աշխատակիցներ են բողոքել  ղեկավարությանը ճաշարանի սննդի որակից, որից հետո էլ Արա Սաղաթելյանը որոշել է մրցույթ հայտարարել: Էդուարդ Գրիգորյանն ասաց, որ  ԱԺ-ի որոշ խմբակցություններ աշխատակազմին սննդի որակից դժգոհել են: «Հարցնում եմ խմբակցություններին, թե կոնկրետ ինչի՞ց եք դժգոհ,  ասում են՝ բողոք չունենք»,- պատասխանեց ճաշարանի պատասխանատուն:

Թեեւ հանձնաժողովն ու մրցույթի պայմանները  դեռ հստակ չեն, բայց «Ազգային սնունդ» ընկերությունը նույնպես մասնակցելու է մրցույթին: Եթե չհաղթի` հոգ չէ: «Մի որոշ ժամանակ կհանգստանամ, հետո էլի մի տեղից կկանչեն ինձ»,- վստահ է մեր զրուցակիցը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ