Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ ցանկաում է դառնալ ազգային հավաքականի լավագույն ռմբարկու։ Այս պահի դրությամբ նա իր հաշվեկշռում ունի 41 գնդակ և չորրորդն է Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների շրջանում։
Նա զիջում է Բոբի Չարլթոնին (49), Գարի Լինեքերին (48) և Ջիմի Գրիվզին (44)։
«Իմ խնդիրն է շրջանցել բոլորին։ Զգում եմ, որ ի վիճակի եմ դա անել։ Ինձ համար դա մեծ պատիվ կլինի։ Վստահ եմ ուժերիս, սակայն, ինչ էլ որ լինի, հաղթանակն ավելի կարևոր է, քան իմ գոլերը։ Երբ ինձ հրավիրեցին Անգլիայի հավաքական, ես երբեք չէի մտածում, թե կարող եմ դառնալ նրա լավագույն ռմբարկուն», — ասել է Ռունին։ Այս մասին հաղորդում է The Daily Express-ը։
Ռունին իր հաշվեկշիռը կարող է ավելացնել արդեն այսօր, երբ Անգլիայի հավաքականը կընդունի Սան Մարինոյի թույլ հավաքականին։