Ո՞վ պետք է պատրաստի աղի բլիթը, և ովքե՞ր կարող են այն ուտել` երազում ապագա սիրած ընտրյալին տեսնելու համար: Հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցու հետ:
Նրա խոսքով՝ աղի բլիթը պետք է պատրաստեն երջանիկ, բախտավոր, բազմազավակ կանայք: Աղի բլիթը պետք է ուտի այն աղջիկը, ով տոնին նախորդող 5 օրերին պահել է Առաջավորաց պահքը, իսկ տղաներն աղի բլիթ ուտել չեն կարող:
«Սուրբ Սարգսի տոնին, բացի աղի բլիթից, նաև պետք է խաշիլ պատրաստել, փոխինդ և այլ ծիսական ուտեստներ, հատիկեղեն, հատկապես ցորեն: Ինչո՞ւ ցորեն` որովհետև Սուրբ Սարգիսը նաև բերք ու բարիքի պահապանն է»,- նշեց տիկին Ագուլեցին:
Ազգագրագետը նաև ընդգծեց, որ երազ են տեսնում միայն այն աղջիկները, ովքեր հավատով են ուտում աղի բլիթը. «Դա այնքան հոգով պետք է անել, այնքան սպասումով, որպեսզի իրենց երազում տեսնեն այն, ինչ իրենց ենթագիտակցության մեջ կա, իսկ ովքեր ի միջի այլոց են ուտում` չեն տեսնի: Հետո` պետք է կարողանալ նաև երազը մեկնաբանել, որովհետև կարող է երազում տղային չտեսնես, բայց այնպիսի բան տեսնես, որը հնարավոր կլինի իմաստավորել»: