15 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը ներկայացնում էր, թե ինչ է նշանակում տրանսֆերը,մի խումբ հանցագործներ կրակոցներով մտան նիստերի դահլիճ: Գնդակահարվեց վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռոբերտ Միրոյանը, տարածքային նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը:
15 տարի է անցել, սակայն Հոկտեմբերի 27-ը հայության մի ստվար հատվածի համար մեծ ցավ ու փորձություն է: Առաջին հարցը, որ գալիս է գիտակից մարդու գլխում, «ո՞ւմ էր ձեռնտու»-ն է:
Նախ ասեմ, որ դեպքից օրեր անց ՀՀԿ–ն, Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ և Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը պահանջում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի ու Հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի հրաժարականները՝ պատճառաբանելով, որ նրանք խոչընդոտում են «Հոկտեմբերի 27»–ի գործի բացահայտմանը։
1999թ. գործող նախագահը և անվտանգության նախարարն այն պաշտոնյաներն էին, ովքեր պատասխանատու էին երկրի անվտանգության համար: Ուրեմն նրանք իրենց տեղում չէին, որ գրավելով այդ պաշտոնները՝ չկանխեցին ահաբեկիչների գործողությունները:
Սերժ Սարգսյանն այսօր նախագահի աթոռն է զբաղեցնում, իսկ Տիգրան Նաղդալյանը՝ սպանված է: Ձեռնատու էր, բնականաբար, նրան՝ ում համար ճանապարհ էր բացվելու Սպարապետի ու Դեմիրճյանի սպանությունից հետո: Իսկ թե ում համար բացվեց՝ գիտենք բոլորս:
Իսկ ի՞նչ փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո:
Մինչև հոկտեմբերի 27-ը պատերազմ, շրջափակում, երկրաշարժ ու այլ արհավիրքներ տեսած ազգը արտագաղթում էր միայն հացի խնդիր ունենալով: Հոկտեմբերի 27-ը մարդկանց մեջ թաղեց հզոր պետություն ունենալու բոլոր հնարավոր հույսերը: Ու մարդիկ հավատը կորցրած սկսեցին հեռանալ երկրից, որն արյունով էին պահել ու Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգին վստահել 21-րդ դար մտցնելու պատասխանատու գործը:
Ո՞վ և ինչպե՞ս կոծկեց հոկտեմբերի 27-ը
Նորմալ երկրներում հանցագործությունը բացահայտում են, ոչ թե դրա վերաբերյալ հավաստիացումներ են տալիս: Նորմալ երկրում երկրի առաջնորդների սպանության բացահայտումով բոլորն են զբաղվում, ոչ թե կոծկում են: Իրականում կոծկողը ժողովուրդն է, բոլորս միասին, քանի որ չկարողացանք այդ պատվախնդիր մարտը ավարտին հասցնել:
Մի բան հաստատ է. Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ազգային իշխանություն, օտար ուժերից կախում չունեցող համակարգ, հոկտեմբերի 27-ը մնալու է չբացահայտված:
Ի՞նչ անել:
Կերտել Պետություն: Պայքարել ապագայի համար: Որովհետև ապագա ունենալու դեպքում միայն կարող ես ներկա, առավելևս` անցյալ ունենալ:
Արմեն Մկրտչյան