Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը խստացրել է հսկողությունը աշխատանքային ստաժի նկատմամբ: Բանն այն է, որ մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը բարձր կենսաթոշակ ստանալու համար կարևոր էր աշխատանքային ստաժը: Ինչքան շատ էր ստաժը, այնքան բարձր էր կենսաթոշակը: Պարզվում է, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ, ունենալով քիչ աշխատանքային ստաժ, բայց ցանկանալով բարձր կենսաթոշակ ստանալ, զարտուղի միջոցներով կարողացել են աշխատանքային կեղծ ստաժ ձեռք բերել:
Araratnews.am-ը դիմեց սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ պարզելու, թե ինչպե՞ս են ճշտում աշխատանքային ստաժի կեղծ լինելը, եւ ո՞ր գործատուներն են պատկան կառույցի ուշադրության կենտրոնում: Ծառայության պետի մամուլի խոսնակ Տաթեւիկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ ոչ իրավաչափ, ոչ հավաստի ստաժը վերաբերում է 1992-2005 թվականներին, քանի որ 2005-ից հետո սկսել է գործել անձի տվյալների անհատական բազան: 2005-ից հետո ցանկացած գործատու աշխատողի համար ներկայացրել է առանձին հաշվետվություն:
Իսկ մինչեւ 2005 թ.-ը, մամուլի խոսնակի տեղեկացմամբ, գործատուները աշխատողների գրքույկներում գրառումներ են արել: Դրանք երբեմն եղել են անընթեռնելի ձեռագրով, անընթեռնելի կնիքով: «Սա արդեն ռիսկային է, որն էլ ստուգում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ստուգում է աշխատողի յուրաքանչյուր փաստաթուղթ՝ աշխատանքի ընդունման եւ ազատման հրամանագրերը, աշխատավարձի վճարման տեղեկագրերը: Ու երբ բազմակողմանի ստուգումների ընթացքում պարզվում է, որ բացակայում է աշխատողի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, նրա աշխատանքային ստաժը համարվում է ոչ իրավաչափ: Կատարվում է վերահաշվարկ, նվազեցվում է աշխատանքային ստաժը»,- մանրամասնեց Տաթեւիկ Խաչատրյանը:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ այս տարի աշխատանքային կեղծ ստաժի քանի՞ դեպք է հայտնաբերվել: «2017-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին 300 կենսաթոշակառուների դեպքում 3000 տարի նվազեցվել է: Խոսքը մոտավորապես 14 մլն դրամի մասին է, որից 4 միլիոնը վերադարձվել է պետբյուջե: Գործընթացը շարունակվելու է, քանի որ Հայաստանում մոտավորապես 14 մլն 250.000 տարվա կարգի ստաժ կա: Դրանցից որքա՞նն է իրավաչափ, որքա՞նը՝ ոչ, կպարզի ուսումնասիրությունը»,- պատասխանեց մամուլի խոսնակը:
Սոնա Դավթյան