2014թ.-ին Հայաստանից 34%-ով աճել է ադամանդի արտահանման ծավալները՝ եթե 2013 թ.-ին արտահանումը կազմել է 88 մլն. դոլլար, ապա 2014 թ.-ին այն կազմել է 117,8 մլն. դոլլար: Թեև արտահանումը աճել է մաքսային արժեքով, սակայն արտահանվող ադամանդի ֆիզիկական ծավալները՝ 202 հազար կարատից նվազել են 160 հազար կարատի:
Այսինքն, ադամանդի արտահանման կառուցվածքում 2014թ.-ին գերիշխել են ավելի թանկարժեք ադամանդները, որտեղ 1 կարատի միջին գինը կազմել է 736 ամերիկյան դոլլար, նախորդ տարվա 435 դոլլարի դիմաց:
Միաժամանակ աճել է նաև արտերկրից ադամանդի ներմուծման ծավալները՝ 116,4 մլն. դոլլարից (2013թ.) հասնելով 148,3 մլն. դոլլարի (2014թ.): Այստեղ նույնպես նվազել է ֆիզիկական ծավալների քանակը՝ այսինքն ներմուծվել է ավելի թանկարժեք ադամանդներ՝ 1 կարատը 430 դոլլար միջին արժեքով, նախորդ տարվա 286 դոլլարի դիմաց: Զուտ ֆիզիկական ծավալներով արտահանումը զիջել է ներմուծմանը 187,5 հազար կարատով, իսկ զուտ մաքսային արժեքը նույնպես բացասական է և կազմում է՝ 30,5 մլն. դոլլար:
Այսինքն, մենք էժան հումք՝ ալմաստ ենք ներմուծում, որի մի մասը վերամշակվում է և ավելի թանկ արտահանվում, իսկ մյուս մասը սպառվում է տեղական շուկայում, կամ կուտակվում է և գնորդներ ունենալու դեպքում հաջորդ տարվա ընթացքում արտերկիր արտահանվում: Ներմուծվում է նաև ոչ հումքային, այլ արդեն վերամշակված և թանկարժեք ադամանդ, որը սպառվում է տեղական շուկայում:
Ադամանդի արտահանումը 3-րդն է իր ծավալներով՝ զիջելով պղնձի խտանյութին, որը կազմել է՝ 235,8 մլն. դոլլար և կոնյակի արտահանման ծավալներին՝ 164,9 մլն. դոլլար: Նշենք, որ մեր երկրում 2012թ.-ի ադամանդագործության ճգնաժամից հետո, 2013-2014 թ.-ին այդ ոլորտը մի փոքր աշխուժացավ: Թեև որոշ երկրների շուկաներ կորցրեցինք այդ ընթացքում՝ Հնդկաստան, ԱՄՆ:
Նախորդ տարի, միջազգային շուկայում նույնպես նկատվել է աշխուժացում: De Beers ընկերությունը հայտարարել է, որ անցած տարի ադամանդյա զարդերի նկատմամբ պահանջարկը աճել է 3 տոկոսով և հասել է 81 մլրդ. ամերիկյան դոլլարի նշագծին: Ադամանդի նկատմամբ պահանջարկի աճը դիտարկվում է, նաև որպես այլընտրանք ամերիկյան դոլլարին և նույնիսկ ոսկուն, թեˊ ֆիզիկական սպառողների կողմից, թեˊ բանկերի կողմից պահուստները լրացնելու համար:
Եվ այսպես, հայկական ադամանդի հիմնական գնորդն է Բելգիան, որտեղ արտահանումը կազմել է 42,6 մլն. դոլլար (51,5 հազար կարատ), որտեղ մաքսային արժեքի աճ է գրանցվել 2013 թ.-ի համեմատ, սակայն ֆիզիկական ծավալների անկում է նկատվել: Երկրորդ խոշոր գնորդ է Ռուսաստանը, որտեղ արտահանումը կազմել է 35,4 մլն. դոլլար (68,9 հազար կարատ): Թաիլանդը գնել է մոտ 20,9 մլն դոլլարի ադամանդ (7,4 հազար կարատ), իսկ Կանադան 10,6 մլն. դոլլարի ադամանդ (6,9 հազար կարատ): Ադամանդի գնորդներից են նաև՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը 2,7 անգամ ավելացրել է նախորղ տարվա համեմատ Հայաստանից ներմուծումը, այն հասցնելով 2,7 մլն. դոլլարի, իսկ Իսրայել արտահանվել է 2,3 մլն դոլլարի ադամանդ: Այստեղ, երևում է, որ 1 կարատի միջին գնով համեմատաբար էժան ադամանդ արտահանել ենք Ռուսաստան, իսկ ավելի թանկ՝ Բելգիա, Կանադա, Թաիլանդ և այլ երկրներ: Ադամանդներ, ավելի փոքր մաքսային արժեքով, արտահանվել է նաև Բելառուս, Լիբանան, Հնդկաստան, Հոնգկոնգ և ԱՄՆ:
Հայաստան ադամանդի ներմուծման գործընկերներից են՝ Բելգիան, որտեղից ներմուծել է 58 մլն դոլլարի ադամանդ (74,4 հազար կարատ), ԱՄԷ-ը՝ 34,6 մլն դոլլար (139,8 հազար կարատ), Թաիլանդը՝ 21,1 մլն դոլարի (13,4 հազար կարատ), Շվեյցարիան՝ 10,1 մլն դոլլար (17,8 հազար կարատ), Հնդկաստանը՝ 9,8 մլն դոլլար (29,7 հազար կարատ), Ռուսաստանը՝ 5 մլն դոլլար (44,5 հազար կարատ): Ինչպես տեսնում ենք, ալմաստ հիմնականում ներմուծում ենք Ռուսաստանից, ԱՄԷ-ից և Հնդկաստանից:
Վերջում ամփոփենք, որ թեև հայկական ադամանդները հիմնականում արտահանվում են դեպի Բելգիա, Ռուսաստան և Թաիլանդ, սակայն պետք է աշխատել նաև Հնդկաստանի և Չինաստանի շուկաների վրա, քանի որ սրանք հեռանկարային շուկաներ են և այդ երկրներում ադամանդների ու ադամանդե զարդերի նկատմամբ պահանջարկն աճում է: