տուն Լուրեր Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

154
0

Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի  անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված  երգ է:

Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ:

Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:

Խումբը հիմնվել է 1972-ին.  երաժիշտները ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը ևս խմբի հետ համատեղ երգել է Bratsch-ի երգերը:

Դեն Ղարիբյանի կատարմամբ հնչող «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. հայկական վալս» երգը խմբի միակ հայերեն կատարումը չէ:

Ֆրանսիացիներից և մեկ հայից կազմված խումբն իր ալբոմներում այլ հայկական երգեր նույնպես ընդգրկել է, որոնցից են «Նուբար», «Ո՜վ, սիրո՜ւն, սիրո՜ւն», «Նա մի նազ ունի» և այլն, գրում է arevelk.am-ը:

Խումբը տարիներ առաջ երկարատև համագործակցությունից հետո բաժանվել է, և Դեն Ղարիբյանը հիմնել է «Ղարիբյան տրիո»-ն: Ֆրանսիայում հայտնի ջազային կատարող է նաև Bratsch-ի հիմնադիր Դեն Ղարիբյանի դուստրը՝ Մաչա Ղարիբյանը:

Երգը՝ Դեն Ղարիբյանի կատարմամբ

Շառլ Ազնավուրի և Դեն Ղարիբյանի համատեղ կատարումը