տուն Լուրեր Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը. օրենքը հետ կկանչվի՞ (տեսանյութ)

Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը. օրենքը հետ կկանչվի՞ (տեսանյութ)

126
0

Քիչ առաջ ավարտվեց դասադուլ հայտարարած ուսանողների հանդիպումը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Ավարտից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները ընդունել են իրենց կլոր սեղան-քննարկումներ սկսելու առաջարկությունը, հետեւաբար իրենք դադարեցնում են հացադուլն ու դասադուլը:

Դ. Պետրոսյանի խոսքով` քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 22-ից, եւ իրենք հրավիրում են գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Նախաձեռնության անդամի խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իրենց ասել է, որ եթե իրենք կարողանան ներկայացնել փաստարկներ, որ աղմկահարույց օրենքի նախագիծը սխալ է, ապա պատրաստ են օրենքը հետ կանչելու: «Կարծում ենք` հիմա սա լավագույն տարբերակն է», — ասաց Դավիթ Պետրոսյանը:

Էդուարդ Շարմազանովն էլ  նշեց, որ իր և ուսանողների հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որի ընթացքում էլ կայացվել է կլոր սեղան անցկացնելու որոշումը:
«Կլոր սեղանի առաջարկն արվեց, որպեսզի մենք` որպես նախաձեռնության անդամներ, կարողանանք լսելի դարձնել բոլոր այն մարդկանց ձայնը, ովքեր այս հարցի հետ կապված ունեն մտահոգություններ` գիտնականները, մեր դասախոսները, քաղհասարակությունը: Կլոր սեղանի նպատակն է անցկացնել քննարկումներ, որպեսզի տարկետման խիստ սահմանափակման հետ կապված կատարենք փոփոխություններ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Փայլակ Ֆահրադյան

Մանրամասները՝ տեսանյութում: