տուն Լուրեր Ուղևորափոխադրումներ սեփական մեքենաներով. բողոքի ակցիա Կապանում ուղեվարձի թանկացման դեմ

Ուղևորափոխադրումներ սեփական մեքենաներով. բողոքի ակցիա Կապանում ուղեվարձի թանկացման դեմ

144
0

14937913_1229702193769623_1056380869_n

Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 8 երթուղու (որի երթուղին անցնում է Կապանի  կենտրոնից մինչև Շինարարաների  փողոց և հակառակ ուղղությամբ) ուղեվարձը  թանկացել է: Նոյեմբերի 1-ից ուղևորները ստիպված են 50 դրամ ուղեվարձի փոխարեն վճարել արդեն 70 դրամ: Ուղեվարձի բարձրացումը հարուցել է բնակիչների դժգոհությունը, նրանց կարծիքով՝ այս թանկացումն անհիմն է: Գնի վերանայման և նորից նվազեցնելու համար Կապանում ստորագրահավաք է սկսվել, որը նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամները:

ՔՊ-ի կողմից առաջադրված Կապանի ավագանու միակ ընդդիմադիր անդամ Նարեկ Բաբայանը մեզ հետո զրույցում նշեց, որ քաղաքացիներին իրազեկել են՝ երթուղուց օգտվելիս չվճարել բարձրացված ուղեվարձավ, արդեն իսկ ունեն 450 ստորագրություն. «Կդիմենք քաղաքապետին ու մարզպետին, այսքան ստորագրությունները բավարար են, որ հարցը կարողանանք ներառել ավագանու նիստի օրակարգում: Զուգահեռաբար դիմելու ենք նաև Սյունիքի մարզպետին և Հայաստանի վարչապետին, զանգում  ենք նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թեժ հեռախոսագծով»:

Նարեկ Բաբայանը նաև ընդգծեց, որ ի պատասխան քաղաքապետին ուղղված գրավոր հարցման՝ թանկացումը հիմնավորվել է պահեստամասերի թանկացմամբ. «Իրենք նաև ասում են, որ միայն այդ կազմակերպությունն է մասնակցել մրցույթին և այդ գինն է ներկայացրել: Քաղաքապետը նշում է, որ պահեստամասերն են թանկացել, ու իրենց դիզվառելիքի էժանացումը չի հետաքրքրում»:

Նոյեմբերի 1-ից, երբ երթուղու ուղեվարձը թանկացել է, ակցիայի կազմակերպիչները իրենց սեփական մեքենաներով են սկսել քաղաքացիներին տեղափոխել. «Մենք մարդկանց կենտրոնի կանգառներից տանում ենք Շինարարների փողոց ու հակառակ ուղղությամբ՝ էնտեղից բերում կենտրոն: Արդյունքում՝  երեկոյան ժամը 18-21-ը փոխադրումները կատարվում են դատարկ ավտոբուսներով: Գծատերը փաստորեն զրկվում է անգամ էդ 50 դրամից»:

Հավելենք, որ ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Կապանի Շինարարների փողոցի բնակիչներից կազմվել է մի խումբ, որն այսօր հանդիպելու է Կապանի քաղաքապետի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով. «Գինը քաղաքապետարանը չի որոշում, բայց իրենք են կարգավորում: Հիմա եթե երթուղին սպասարկող մասնավոր կազմակերպությունը որոշի, որ ուղեվարձը պետք է 500 դրամ լինի, էդքա՞ն պետք ա վճարեն»: