Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանում պահանջելու Հայաստանի ավագանիների ասոցիացիային անդամակցության, այդ կառույցին վճարվող տարեկան 11 մլն դրամ անդամավճարի մասին: Araratnews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ 11 մլն դրամի մասին տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանի կայքում է: Դավիթ Խաժակյանը հիշեցրեց՝ 2015-ին ասոցիացիային վճարել են 5,5 մլն դրամ, իսկ հետո անդամավճարը կրկնապատկվել է: «Ասոցիացիան փաստացի գործունեություն չի իրականացնում, բայց նրան տրվող վճարը կրկնապատկվել է: Կապ եմ հաստատել ասոցիացիայի հետ, խնդրել եմ տալ տեղեկատվություն: Խոստացան, բայց չտվեցին: Ես ենթադրում եմ՝ այդ տեղեկատվությունը չկա: Վստահ կարող եմ ասել, որ 11 մլն դրամից ոչ մի կոպեկ Երեւանի համար չի ծախսվել: Դա անարդյունավետ ծախս է, Երեւան համայնքն իրավունք չուներ անդամակցել այդ ասոցիացիային, քանի որ այդ ասոցիացիային կարող են անդամակցել առանձին ավագանիներ, ուստի ավագանու անդամները պետք է անդամավճար տան, ոչ թե Երեւան համայնքն իր բյուջեից: Մենք պահանջում ենք Երեւանի քաղաքապետարանից կասեցնել Երեւանի անդամակցությունը Հայաստանի ավագանիների ասոցիացիային»,- մանրամասնեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարը:
Araratnews.am-ը կապ հաստատեց Հայաստանի ավագանիների ասոցիացիայի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հետ: Հարցը լսելուն պես պրն Հովհաննիսյանն ասաց՝ զբաղված է, չի կարող պատասխանել մեր հարցին: Փոքր-ինչ ուշ կրկին զանգահարեցինք Արայիկ Հովհաննիսյանին, սակայն զանգերն անպատասխան մնացին:
Ուսումնասիրելով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կայքը` Araratnews.am-ը պարզեց, որ կայքը վերջին անգամ թարմացրել են 2013-ին, իսկ «Ավագանի+» շաբաթաթերթի վերջին համարը նախորդ տարվա է: Ասոցիացիան ունի երկու փոխնախագահ, որոնց հետ կապ հաստատել չհաջողեց: Իսկ ահա Հայաստանի ավագանիների ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մուշեղ Տերյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ասոցիացիայի գործունեության մասին: Պարզվում է՝ ասոցիացիան, բացի երկու փոխնախագահներից, ունի նաև մոտավորապես 17 հոգանոց վարչություն, որի անդամները աշխատավարձ չեն ստանում: Մուշեղ Տերյանը եւս ասոցիացիայի համար հասարակական հիմունքով՝ անվճար է աշխատում: Աշխատավարձ ստանում են Հայաստանի ավագանիների ասոցիացիայի ղեկավարը, նրա տեղակալն ու քարտուղարը, որոնք էլ կատարում են ասոցիացիայի հիմնական աշխատանքը: Իսկ թե նրանք ինչքա´ն աշխատավարձ են ստանում, Մուշեղ Տերյանը տեղյակ չէր:
Ինչ վերաբերում է ասոցիացիային վճարվող 11 մլն դրամի մեր հարցին, Մուշեղ Տերյանը հարցին հարցով պատասխանեց. «Տարվա կտրվածքով 11 մլն դրամը մեծ թի՞վ է: Մենք հրապարակում ենք ավագանու անդամների համար ուղեցույցներ, թերթ եւ այլ աշխատանք ենք կատարում»:
Ի՞նչ հիմնավորմամբ եւ ո՞ւմ պահանջով է ասոցիացիային վճարվող 5,5 մլն դրամ անդամավճարը 2015-ից հետո կրկնապատկվել եւ դարձել 11 մլն դրամ: Ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը դժվարացավ ասել. իր լիազորություններից դուրս է: «Կարծում եմ՝ ծախսերի հետ է կապված գումարի կրկնապատկումը: Վստա´հ եղեք՝ այդ գումարն այլ տեղ չի ծախսվում»:
Կայքի ուշացումով թարմացումը, մեր զրուցակցի խոսքով, պայմանավորված է մշտական ծրագրավորողի բացակայությամբ: «Ցանկացած ծրագրավորող պետք է գոնե 150-200 հազար դրամ աշխատավարձ ստանա, բայց մեզ մոտ էլ այդ ծավալի չէ աշխատանքը, որ մշտական ծրագրավորող պահենք»,- պարզաբանեց պրն Տերյանը:
Մեր մյուս հարցերի պատասխանը ստանալու համար Մուշեղ Տերյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել, քանի որ պատրաստ չէ բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու:
Սոնա Դավթյան