Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: