Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների շուրջ ծագած ճգնաժամը շարունակում է մնալ թուրքական մամուլի թեժ թեմաներից մեկը։ Կիպրոսի թուրքական մասի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության լրատվամիջոցներից «kibrispostasi.com» կայքի թղթակից Աթա Աթունը իր սյունյակում ներկայացրել է թուրք-ամերիկյան ճգնաժամի ծագման՝ իր կարծիքով իրական, անտեսանելի պատճառները։
Նախ հեղինակն ընդգծում է, որ այսօրվա Թուրքիան և նրա ազգային հետախուզական ծառայությունը (MİT) այլևս 1980-90-ականների նման չէ․ ավելի զարգացած, անկախ, տեխնոլոգիաներով հագեցած և արտաքին աշխարհից բազմակողմանիորեն տեղեկացված է, իսկ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլ երկրներ, միջազգային կառույցներ ու հետախուզական ծառայություններ այլևս նախկինի պես չեն կարող ազդել և ճնշել Թուրքիային։
Աթունի խոսքով՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ազգային հետախուզությունը այնպիսի թափով և անհերքելի փաստարկների ուժով սկսեց բացահայտել ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից հենց Թուրքիայի ներսում պատրաստվող գործակալներին, որ անակնկալի եկած ԱՄՆ կառավարությունը շփոթության և տագնապի մատնվեց։
«Տագնապի հետ նաև սարսափահար եղան, նրանց պատեց այն մտահոգությունը, որ տարիներ շարունակ փակ դռների հետևում նրանց կառուցած լրտեսական, սադրիչ, քաոս և ահաբեկչություն տարածող ենթակառույցները կարող են փլուզվել», — գրում է հեղինակը։
Աթունը պնդում է, թե դեռևս ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ-ը ամեն կերպ ցանկանում էր միջազգային հանրության առաջ սևացնել, մեղադրել Թուրքիային։ Շարունակելով թուրքական պետական ժխտողական քաղաքականության պնդումները՝ հոդվածագիրը առաջ է քաշում այն կարծիքը, թե 1913-1916թթ․ Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր վկայություններով, իրականում ծառայել է ԱՄՆ-ի այդ հակաթուրքական նպատակներին։
Ալթունի պնդմամբ՝ ինչպես հայտնի «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հուշագրությունը, այնպես էլ ավելի ուշ բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին կազմված «Կապույտ գիրք»-ը որևէ պատմական, փաստական հիմք չունեն, պատվիրված են եղել և ծառայել են ԱՄՆ-ի հակաթուրքական ծրագրերին։
«Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն դեռ մեկ դար առաջ ծրագրում էին հիմնել քրդական շրջան, այլ կերպ ասած՝ Մեծ Քուրդիստանը, որը Սևրի պայմանագրի քարտեզում տեղակայված էր հայկական տարածքների հարավում և անգլիական տարածքների հյուսիսում»։
Սակայն այդ նպատակի անիրագործելիությունը, ըստ հեղինակի, ԱՄՆ-ին վերջապես ստիպեց հասկանալ, որ առանց Թուրքիային որևէ համարժեք բան տալու, նրանից ոչինչ ստանալ հնարավոր չէ։
«Վիզաների ճգնաժամը, ի վերջո, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի, կամ պետքարտուղարի տեղակալներից Թոնի Բլինկենի կամ Հեդեր Հիգգենբոթթոմի գլուխը կուտի, իսկ հետո ուժի մեջ կմտնի՝ նախկինից ավելի լավ պայմաններով։ Իմ կարծիքով Թիլլերսոնի գլուխը կթռչի», — եզրափակում է Աթունը: