տուն Լուրեր Վիսոցկին եւ հայերը. այսօր սիրված երգիչը կդառնար 81 տարեկան

Վիսոցկին եւ հայերը. այսօր սիրված երգիչը կդառնար 81 տարեկան

127
0

Այսօր՝ հունվարի 25-ին, լրանում է ռուս սիրված բարդ, բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Վիսոցկու 81 տարին:

Չնայած նա չէր ընդունվում խորհրդային իշխանությունների կողմից, սակայն դեռ իր կենդանության օրոք նա ձեռք բերեց համաժողովրդական ճանաչում. 1967-ին, երբ էկրան բարձրացավ «Ուղղահայաց» ֆիլմը, Վիսոցկին դարձավ շատ-շատերի կուռքը։ 1967-ին կայացավ նրա առաջին մենահամերգը, իսկ մեկ տարի անց արդեն թողարկվեց առաջին ձայնասկավառակը։

Վլադիմիր Վիսոցկին Տագանկայի թատրոնի դերասան էր, որտեղ խաղացել է Համլետ,  Պուգաչով, Գալիլեյ, Սվիդրիգայլով: Անմոռանալի է նրա՝ Գլեբ Ժեգլովը՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմից (1979), ում  արտահայտությունները թեւավոր խոսք են դարձել։ Շատերի կարծիքով՝ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր։

Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: 4 տարեկանում, երբ սկսվում է Մեծ հայրենականը, նա մոր հետ մեկնում է Ուրալ: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտաշինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժին:

1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան էր:  Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:

1967-ին Վիսոցկու կյանք մտավ նրա մեծ սերը` Մարինա Վլադին: 1967 թվականին Վիսոցկին սիրահարվեց ֆրանսիացի դերասանուհուն «Կախարդուհին» ֆիլմից հետո: Օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը և երազում նրա հետ հանդիպման մասին: Եվ վերջապես այն կայացավ: Վիսոցկին ամուսնացավ Մարինա Վլադիի հետ:

Վլադիմիր Վիսոցկին դեռ մանկուց որոշ պատկերացում ունեցել է Հայաստանի ու հայության մասին, քանի որ նրա հոր երկրորդ կինը՝ «արևելյան մեղմ գեղեցկությամբ օժտված, բարեհամբույր Ժենյան», հայուհի էր: Խորթ մորը փոքրիկ Վոլոդյան կապվել է հարազատի պես և որոշ ժամանակ մեծացել նրա ջերմությամբ շրջապատված:

Գերմանական փոքրիկ մի քաղաքում զինվորական հոր մոտ անցկացրած նրա մանկության այդ տարիների մասին Մարինա Վլադին գրում է.  «Բարեբախտաբար, կա քնքուշ ու սիրող մայրացուդ: Քո կյանքի այդ շրջանը նա մեղմում է համբերատար հոգատարությամբ ու այն ամենով, ինչ ժառանգել է իր հայրենի երկրի՝ Հայաստանի հինավուրց մշակույթից»:

35d4da6d2205ab89b68cb58edcbe2cb2

Վիսոցկին ու Մարինա Վլադին ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել Սերգեյ Փարաջանովի հետ: Իսկ Վլադիմիր Վիսոցկու և Լեոնիդ Ենգիբարյանի միջև կար ջերմ բարեկամություն, առանձնահատուկ վերաբերմունք ունեին միմյանց հանդեպ: Մարինա Վլադին հետո կգրի. «Քո սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի հանդեպ քնքշությունդ անսահման է։ Նրա անունը Ենգիբարով է։ Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչ գեղեցիկ է։ Յուրօրինակ բանաստեղծ է, ստիպում է ծիծաղել ու լացել հանդիսատեսին` և՛ երեխաներին, և՛ մեծերին։ Այդ զարմանալի մարզիկը ասպարեզի վրա հրաշքներ է գործում, ու եթե դու կարողանում ես մի քանի վայրկյան «մի թաթի վրա կոկորդիլոս» անել, ապա նրան հաջողվում է առանց տեսանելի ջանքերի մի րոպեից շատ այդպիսի դիրքում մնալ… Մի անգամ քեզ զանգում են, ու ես տեսնում են` դեմքդ մթնում է։ Դու դնում ես խոսափողն ու սկսում ես փոքրիկ տղայի պես արտասվել, հեծկլտալ ու բղավում ես` Ենգիբարովը մահացել է»։

Վիսոցկին մահացավ 1980 թ. հուլիսի 25-ին՝ Խորհրդային Միությունում անցկացվող օլիմպիական խաղերի օրերին, ինչի պատճառով էլ նրա մահվան մասին պաշտոնական լուր չհրապարակվեց։ Միայն թատրոնի դրամարկղի ապակուն փակցված էր համեստ գրություն.  «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»:

Չնայած իշխանությունների զգուշավորությանը՝ Տագանկայի թատրոնի մոտ հսկայական բազմություն էր հավաքվել, մարդիկ մի քանի օր շարունակ չէին ցրվում: Արտիստին հրաժեշտ տալու էր եկել մոտ 40 հազար մարդ: Մարինա Վլադին ամուսնու ընկերներից մեկին` Վադիմ Թումանովին ասել էր. «Վադիմ, ես տեսել եմ, թե ինչպես են թաղում արքայազներին, թագավորներին, բայց նման բան երբևէ չեմ տեսել…»:

Մեծ բարդին սիրում եւ լսում են նաև այսօր։