ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարում է, թե տեղյակ չէ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար կազմակերպած դրամահավաքից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սարոյանը: «Դուք կպել եք Վիգեն Սարգսյանին, չեք պրծնում, էն օրն էլ մի լրագրող բռնել գրել ա` մթոմ քեֆ ենք արել, քննարկում ենք արել»,- ասաց Սարոյանը, հավելելով, որ տեղյակ չէ դրամահավաքից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչը մեծ արձագանք է գտել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել ֆինանսապես օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար:
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է, միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր պաշտպանության նախարարը:
Արձագանքներում հիմնական հարցադրումն այն է, թե ինչո՛ւ է զինծառայողների համար աշխատողներից պարտադիր 1000 դրամ գանձելու պարագայում կոչ արվում դրամահավաքի: Վիգեն Սարգսյանն իր կոչում փաստացի պատասխանել է այդ հարցին, հղում անելով օրենքին, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում նախարարի ու օգտատերերի միջեւ իսկական լեզվակռիվ ծավալվել: «Բոշան դու ես»` նույնիսկ գրել է նախարարն ի պատասխան օգտատերերից մեկի՝ 1000 դրամների գանձումը «բոշության նոր ձեւ» արտահայտության:
Սարոյանն ասաց, թե Վիգեն Սարգսյանն իր տեղում աշխատում է եւ` ավելին յոթ տարվա ծրագիր է գրել եւ ըստ Սարոյանի «դրեր ա տակը»:
Սեյրան Սարոյանի արձագանքը՝ տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան