Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ, որին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը, որի խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այն բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց։
Եթե հետհայացք գցենք մինչեւ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկին, կտեսնենք, որ այն համալրված է արտաքին գործերի նախարարից մինչեւ ռեկտոր, արտիստ ու շախմատիստ: Իհարկե, միանշանակ, ոչ բոլորի դեպքում են քննադատություններն այս աստիճան ծայրահեղ եղել:
Բանակ-եկեղեցի: Երկու կառույցներ, որոնք ակնհայտորեն տարբերվում են միմյանցից: Ինչո՞ւ էր հայ Առաքելական եկեղեցին որպես խաչքավոր ընտրել պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող և ընդդիմադիրների կողմից մշտապես քննադատվող Սարգսյան Վիգենին: Մայր Աթոռից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողեց: Սակայն ակնհայտ է, որ հոգեւոր այրերը, որոնց կողմից եղել է առաջարկը, քաջ գիտակցել են, որ այս հանգամանքը խիստ քննադատության տեղիք է տալու: Միեւնույն ժամանակ, հանրությունը նույն կերպ կարձագանքեր, եթե խաչքավորը լիներ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ: Սա խոսում է հասարակություն-իշխանություն եւ հասարակություն-եկեղեցի ջրբաժանի մասին:
Հայաստանի իշխանության եւ եկեղեցու սերտաճման մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Վիգեն Սարգսյանը եւս քաջ գիտակցել է, որ իր խաչքավոր լինելու որոշումը հասարակության կողմից բացասաբար է ընդունվելու: Սակայն Սարգսյանը չուներ ընտրություն, այնպես, ինչպես չեն ունեցել իր նախորդները:
Խաչքավորն այս դեպքում չունի իր մեղքի բաժինը: Նա կատարել է այն, ինչ արել ու կշարունակեն անել իշխանության մյուս ներկայացուցիչները: Հասարակության վերաբերմունքն էլ այս ամենի նկատմամբ նույնը կմնա, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ եկեղեցին չի դադարել լինել իշխանության կցորդը, իսկ եկեղեցաշինությունը դիտել որպես Հայաստանում ներդրում կատարելու թիվ մեկ գրավականը:
Փայլակ Ֆահրադյան