տուն Լուրեր Վիգեն Սարգսյանը` ընտրացուցակների հրապարակման և դրանց հետևանքների մասին (տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը` ընտրացուցակների հրապարակման և դրանց հետևանքների մասին (տեսանյութ)

87
0

vigen

«Իշխանությունը պատրաստ է քննարկումների, իսկ ե՞րբ է իշխանությունը հրաժարվել ընդդիմության հետ որևէ քաղաքական հարց քննարկելուց: Բոլոր հարցերը, որոնք քննարկման դաշտում  են, քննարկվելու են»,-  այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքին ու դրա շուրջ ծավալված քաղաքական իրավիճակին:

Դիտարկմանը, որ հնարավոր է քննարկումներ լինեն, բայց ադյունքում ընդդիմության առաջարկները չընդունվեն, Վիգեն Սարգսյանն ասաց. «Ցանկացած քննարկում քաղաքական մշակույթի մաս է և քննարկման արդյունավետությունը ցույց է տալիս պետական համակարգի արդյունավետությունը  և կենսունակությունը»:

Ինչ վերաբերում  է ընտրացուցակների հրապարակմանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ»:

«Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Այդ մասին հստակ դիրքորոշում է ներկայացրել Սահմանադրական դատարանը, որը համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տրված փորձագիտական եզրակացությանը, ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ ստորագրված ցուցակների հրապարակման վերաբերյալ»,- նշեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Ըստ Վիգեն Սարգսյանի` «դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:

Դիտարկմանը, թե հիմա անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ անվստահության մթնոլորտի դեմ հարկավոր է պայքարել. «Պետք է պայքարենք այնպես, որ բոլորը վստահ լինեն` ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»:

Հաջորդ դիտարկմանը, թե ընդդիմությունն ու հանրությունը թերահավատություն ունեն և պահանջում են ընտրական ցուցակների հրապարակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ թերահավատությունը լավագույն բարեկամը չէ:

«Ցուցակները հրապարակված են, դրանք շուտվանից գոյություն ունեն համացանցում, ռեգիստրը բոլորի համար բաց է: Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բնականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»,- ընդգծեց նա: