տուն Լուրեր Վերնիսաժում տեղեր չեն հատկացվել նաև ձեռագործ աշխատանքներ վաճառողներին

Վերնիսաժում տեղեր չեն հատկացվել նաև ձեռագործ աշխատանքներ վաճառողներին

144
0

78625

Այսուհետև Վերնիսաժում իրենց ապրանքները չեն կարողանա վաճառել ոչ միայն օգտագործված կենցաղային իրեր և հագուստ վաճառող հնավաճառները, այլ նաև ձեռագործ աշխատանքներ ներկայացնող առևտրականները:

«Քաղաքապետարանում գարնանը կայացած խորհրդակցության ժամանակ մեզ խոստացան, որ կմնանք մեր տեղերում, մինչև վերանորոգումը ավարտվի,  բայց դրանից մեկ ամիս անց, երբ եկանք, տեսանք, որ հանել են հնավաճառներին, նրանց հետ նաև հանել են մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վերնիսաժում տարածք ունենալու հետ կապված ձեռագործ աշխատանքներ ներկայացնողների խնդիրների մասին խոսեց ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը:

«Մեր հարցին՝ ինչո՞ւ են մեզ հանել այնտեղից, երբ մեր բոլոր աշխատանքները վերնիսաժային են, նրանք պատասխանեցին, որ մարդկայնորեն ճիշտ չի լինի՝ հնավաճառներին հանել, իսկ մեզ թողնել. դա Դավիթ Օհանյանի [Երևանի քաղաքապետի  տեղակալ.-խմբ.] պատասխանն  էր»,- ասաց տիկին Վարդիշաղը:

Նա նաև նշեց, որ ձեռագործ աշխատանքներ վաճառողները դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ նրանց կտեղավորեն «անցումային մասերում, մեզ համար պատրաստել են 3 մետր բարձրությամբ ռեշոտկաներ, և   տարածքն առանց ծածկի է»:

Վարդիշաղ Կարապետյանը նեղսրտում է, ասելով, որ այստեղ նաև վիրավորական պահ կա. «Այսօր Վերնիսաժում այնպիսի ապրանքներ են վաճառվում, որոնք բացարձակապես կապ չունեն Վերնիսաժի հետ, այդ թվում` հնդկական ցուցահանդեսներից մնացած արծաթեղեն: Նաև Սուրմալուից պայուսակները գնում են, բերում Վերնիսաժում վաճառում, մինչդեռ Վերնիսաժը պետք է լինի մշակութային կենտրոն: Այնտեղ ինձ հետ միասին բազմաթիվ կանայք կան, ովքեր տիրապետում են հայկական համարյա բոլոր կարատեսակներին»: