Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այդ օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:
Մեր նկարահանող խումբը մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանի հետ այցելեց Թաթուլ Կրպեյանի անվան համար 62, Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 և համար 195 ավագ դպրոցներ:
Զրույցների ընթացքում դպրոցների տնօրենները հավաստիացրին, որ իրենցից կախված ամենն արվել է՝ հայտարարվել ու բացատրական աշխատանք է իրականացվել ծնողների ու աշակերտների հետ, դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:
Ոստիկանների հետ զրույցներում մանկավարժները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ոչ միայն ճանապարհային ոստիկանների, այլ ոստիկանության մյուս ծառայությունների հետ ուսումնական ողջ տարվա ընթացքում: