Այս տարեսկզբին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կոնստանին Օրբելյանը (մաեստրո Կոնստանտին Օրբելյանի զարմիկը), ով միանգամից ձեռնամուխ եղավ հին կադրերից ազատվելուն: Օրբելյանը կադրային վերադասավորումների շղարշի ներքո իրականում ճանապարհ է հարթում իր ծանոթ- բարեկամների համար: Աշխատանքից արդեն ազատվել են տնօրենի երեք տեղակալները, սակայն ուշագրավն այն է, որ եթե կադրային կրճատումներ են կատարվում, ինչպե՞ս է ստացվում, որ Օրբելյանը ազատվածների փոխարեն ճիշտ նույն թվով տեղակալների է աշխատանքի ընդունում:
Ընդհանուր կառավարման գծով տնօրենի տեղակալ Նարեկ Անտոնյանը, ում եւս տեղեկացրել են, որ ազատվելու է աշխատանքից, մեզ հետ զրույցում նշեց, որ պատճառներ տնօրինության կողմից չեն ներկայացվում:
Աշխատանքից ազատվելու վտանգի տակ են ակադեմիական թատրոնի տասից ավելի աշխատողներ: Բոլորին ծանուցել են` Օրբելյանն այդպես է ուզել, հավելելով, որ «վերեւների» հրահանգով է կատարվում ամեն ինչ: «Վերեւ» ասելով ո՛ւմ նկատի ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` չի մեկնաբանվել:
Օպերայում ստեղծված անառողջ մթնոլորտի, կադրային փոփոխությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Կոնստանտին Օրբելյանից: Վերջինս կիսահայերենով- կիսառուսերենով տեղեկացրեց, թե զբաղված է, եւ հարցերին ավելի ուշ կպատասխանի: Հետո, սակայն, Օրբելյանի հեռախոսին պատասխանեց մեկ այլ անձ, ով ներկայացավ որպես նրա տեղակալ: Հեռախոսազանգին պատասխանողը հրաժարվեց անուն-ազգանունը հայտնելուց, հայտարարելով, որ նոր ղեկավարը, բնականաբար, իր թիմին պետք է բերեր:
Պարզվում է` թատրոնում ստեղծված իրավիճակին ծանոթ է նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե տեղի ունեցող զարգացումները կադրային վերադասավորումներ են:
Հարցին, թե ճանաչո՞ւմ է Օրբելյանի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանին, Ամիրյանը դրական պատասխան տվեց: Իսկ թե ո՞վ է Կարինե Կիրակոսյանը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ՝ այստեղ:
Փայլակ Ֆահրադյան