Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մեջ բազմաթիվ են իրողությունները, որոնք չարիքի վերածվել երկրի ու հասարակության համար։ Վերջիններիս շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Օրինաց երկիր» կուսակցություն կոչված պրոյեկտն իր ղեկավարով։ 2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը դարձավ ԱԽՔ, թվում էր, թե ՕԵԿ-ը և Բաղդասարյանը կնքեցին իրենց քաղաքական մահկանացուն։
Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ՕԵԿ նախագիծը ստեղծվել էր բազմակի օգտագործման համար և, բնականաբար, վարչակարգն, ի դեմս Սերժ Սարգսյանի, չէր պատրաստվում հրաժարվել իր լավագույն գործիքներից մեկից։ Արդյունքում ՕԵԿ-ը, որը տրամաբանորեն չպետք է հաղթահարեր խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը, այնուամենայնիվ, հայտնվեց Ազգային Ժողովում՝ հասկանալի է թե ինչպիսի ընտրությունների արդյունքում։ Ազգային ժողովում մշտապես դակելով վարչակարգի բոլոր նախաձեռնությունները՝ ՕԵԿ-ը շարունակեց իրեն վերապահված դերակատարությունը լեգիտիմության պատրանք ստեղծելով վարչակարգի ձեռնարկների համար։
Սակայն, ինչպես մենք տեսնում ենք ներկայումս, այս ամենով չեն ավարտվում ՕԵԿ-ի և նրա ղեկավարի հասարակական-քաղաքական մանիպուլյացիաները։ Ինչպես արդեն հայտնի է ՕԵԿ-ը վերածվում է «Հայկական վերածնունդ» կոչված միավորման, որի բաղկացուցիչները չափազանց անհասկանալի ու կասկածելի ծագում ունեն։ Սակայն հենց այստեղ էլ կայանում է դավադրությունը՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ։ Անկախ նրանից, որ ներկայումս հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում ՕԵԿ-ը, նրա ղեկավարն ու Հայկական վերածնունդն ինչպիսի վերաբերմունքի են արժանանում, հարկ է նշել, որ վերջինս սպառնում է դառնալ 2017 թվականի ընտրություններում վարչակարգի ամենավտանգավոր գործիքներից մեկը։
Ինչ խոսք, ներկայումս կարծես թե հայաստանյան հասարակական ու նաև քաղաքական շրջանակները համապատասխան լրջության չեն արժանացնում նշված քաղաքական միավորման շուրջ ընթացող գործընթացներին, քանի որ դրա նախաձեռնող ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի այսպես ասած «դիմակը» վաղուց պատռվել է: Սակայն սա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ, ըստ էության, 2008 թվականին Արթուր Բաղդասարյանի վերափոխումը ԱԽՔ-ի իր որոշակի դերն ունեցավ մարտի մեկի սպանդի թողտվության համար: Ըստ էության 2008-ից մինչ օրս ո´չ ՕԵԿ-ը, ո´չ Արթուր Բաղդասարյանը և ո´չ էլ նրանց ցանկացած ձեռնարկ բովանդակային փոփոխության չեն ենթարկվել, և մնում են զուտ վարչակարգի մանիպուլյացիոն գործիքների տրամաբանության մեջ: Այս տեսանկյունից «Հայկական վերածնունդ» կոչված նախագիծը սպառնում է դառնալ հայաստանյան հասարակության դեմ հյուսվող դավադրության գլխավոր գործիքներից մեկը:
Ա.Մարգարյան