ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ իշխանությունները խաբել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին՝ չկատարելով նրանց պահանջները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ ուսանողների հետ քննարկումները կառուցողական դաշտում էին ընթանում, սակայն ուսանողները հիմա հացադուլ են հայտարարել: Շարմազանովը կոչ արեց նրանց դադարեցնել հացադուլն ու վերադառնալ կառուցողական դաշտ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող երկու ուսանող շարունակում են հացադուլը: Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլը եւ հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։
Նոյեմբերի 22-ին նախաձեռնության անդամները կլոր- սեղան քննարկման մասնակցեցին իշխանության ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։
Փայլակ Ֆահրադյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: