տուն Լուրեր Վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը

Վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը

102
0

zinvorr-600x447

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Սարգսյանի խոսքով՝ այս օրենքները պաշտպանության ոլորտում քաղաքականության արտացոլումը պետք է դառնան և լուծում են երեք հիմնական խնդիր: «Առաջին հերթին դրանք Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է»,- ասաց նա և նշեց, որ մինչև տարեվերջ նախարարությունը ինը օրենք պետք է բերի փոփոխությունների և լրացումների տեսքով, որոնցից չորսն ընթացքի մեջ են, և ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկեն ԱԺ:

Նրա խոսքով` երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և յոթ գործող օրենք միավորվում է այս երկու օրենքի մեջ: Երրորդ խնդիրը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:

Նախարարը նշեց, որ զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: «Այսպիսով վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր դիսցիպլինայի ապահովման և այլ նպատակներով: Քանի որ մենք դա շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, և կայացածությունը ԶՈՒ-ի թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանը ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք հետևաբար վերացնում ենք դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին՝ կապված ընտանեկան պայմաններով արտոնություններ տրամադրելուն, ապա նա ասաց, որ այս պահին տրված արտոնությամբ՝ իրենք պետք է 150 կմ շառավղով ծառայություն անցնեն, իսկ տարիներ առաջ դա 50 կմ էր: «Դա չգործող և իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավղի մեջ հայտնվելով, հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը նա է, որ մենք իբր թե հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայության ընթացքում, մեկ ա, տուն գնալ-գալու տարբերակ չունի, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում քաղաքապետարանի, մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար, հետևաբար այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում ենք փոխել բովանդակայինի»,- ասաց նա և նշեց, որ արտոնություն ունեցող քաղաքացիները այսուհետև մարտական հերթապահության մեջ են ներգրավվելու կամավոր ցանկությամբ՝ «Ես եմ» ծրագրով:

«Այսինքն` նրանց առաջին արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավելը և իրենց երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը՝ ծառայության ընթացքում: Այսինքն` եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա իրենք վեց ամիսսը մեկ կարող են ստանալ արձակուրդ և երեք անգամ ծառայության ընթացքում տանը լինել»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա շատ ավելի արդյունավետ է:

«Մենք ունենք նաև այլ արհեստական սահմանափակում. ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: Մենք առաջարկում ենք նույն զորակոչ ձևակերպումը հանել, և եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասը ընտրել, ինչը հեշտացնում է ծնողների այցելությունները և զինվորների համար ծառայություն անցնելու պայմանները»,- ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ զորակոչի պատշաճ իրականացումը ապահովելու, գործընթացի շրջանակներում որոշումների կայացման թափանցիկությունը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով վերացվել են տեղական զորակոչային հանձնաժողովները, որոնք չգործող կառույցներ են :«Դրանք ֆորմալ գոյություն ունեին, բայց պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն էին, որը մենք վերացնում ենք, որոշ նորմեր առաջարկում ենք օրենքից տեղափոխել կառավարության որոշումների դաշտ՝ ճկունություն ունենալու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ բուժզննումը շատ մանրամասն նկարագրված է օրենքով, և առաջարկում են թողնել կարգը և ընթացքը կառավարության որոշումներին, ինչի առնչությամբ առողջապահության նախարարության հետ աշխատում են:

«Որևէ պատճառ չկա, թե ինչու շրջանային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժիշկը պետք է ի վիճակի չլինի հստակ եզրակացություն գրել, թե այս քաղաքացին առողջական խնդիր ունի՞, թե՞ ոչ, իսկ հետո ավելի բարձր մակարդակում փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացնի` համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ ծառայությանը»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ պայմանագրային ծառայության շրջանակներում ամրագրվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման հիմնական չափանիշները, ընթացակարգերը: «Նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է քսան տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բարդություն է ստեղծելու կողմնորոշվելու, թե տասնութ տարեկանում արդյոք ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև տասը տարի, սակայն կուրսանտը եթե ցանկություն ունի քսան տարի կնքել, դա ևս թույլ ենք տալիս»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ օրենքի նախագծում հստակեցվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին` զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, բնակարանային ապահովման իրավունքը :«Այս պահին գործող օրենքով շատ լայն պարտավորություններ են ֆիքսված, որոնք իրավական կյանքում շատ թերի են իրականացվում և գրեթե չեն գործում: Մենք գործընկերների, սպայական անձնակազմի հետ խորհրդակցելով փորձում ենք գտնել այն մեխանիզմը, որը կունենա իրատեսական, կիրառելի, գործնական հնարավորություն»,- ասաց նա:
Նա նշեց, որ օրենքի նախագծերը համապատասխան շահագրգիռ կառույցների հետ քննարկել են, հանրային քննարկման են դրել: «Այս օրենքները իրենց կարևորությամբ այնպիսին են, որ մինչ վերջնական ընդունումը պետք է շարունակենք քննարկումները»,-ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան