Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաեւ Պնախարարի խորհրդականն է, քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ի աջակցություն քրեական հեղինակություն Դոն Պիպոյի: Նա նշել է, որ Արթուր Ասատարյանը հրաշալի մարդ է եւ ընդամենը իրավապահներից շուտ բռնել է իրեն սպանել ցանկացողներին:
«Արթուրը Ասատրյան իմ ընկերն է, եւ ես հպարտորեն բարձրաձայնում եմ այդ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին:
Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը: Բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ ընդ որում՝ արտերկրում եւ հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ, թե ինչ ոգեւորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի եւ Հայրենիքի: Հրաշալի հայր է եւ վստահ եմ նաեւ ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբեւէ չի խառնվել եւ չի միջամտել քաղաքական վայրիվերումներին: Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը, տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատեւման ճանապարհին եւ այլն, եւ այլն:
Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան /ԱԱԾ եւ ՆԳ/ -ն կհայտնաբերեին, եւ ոչ սիրալիր, կիլլերներին պահելու եւ պատվիրատուներին ճշտելու համա՞ր: Բա ի՞նչ աներ, կիլլերներին պաչեր դներ գլխի՞ն:
Ինչեւիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ՝ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը, դրեք մինուս եւ ցանկալի է ձեր մեկնաբանությունները:
Կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը»,- մասնավարապես, գրել է Արմեն Սարգսյանը:
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: