Հարավային Կովկասում կազմավորվող համայնքային առաջին պահպանվող տարածքի՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի (ՊԼ) գլխին սեւ ամպեր են կուտակվում, որի պատճառն այն է, որ Գնիշիկ համայնքի ղեկավարը իր իսկ որոշմամբ ընդվզել եւ հետ է վերցրել տարածքները, որոնք ՊԼ-ին տրամադրվել էին դեռեւս 2013-ին` համայնքի ավագանու որոշմամբ:
Այս մասին բնապահպանության նախարարությունը լռում է, եւ մեր բանավոր հարցմանը ի պատասխան նշեց, որ այդ հարցը վերաբերում է համայնքին, եւ իրենք այդտեղ լիազորություններ չունեն: Սակայն երբ նրանց հիշեցրինք դեռեւս 3 տարի առաջ հաստատված ՊԼ-ի 2014-2018 թթ. կառավարման պլանը, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ բնապահպանության նախարությունը, նրանք միայն նշեցին, որ գերատեսչության լոգոն այդ փաստաթղթի վրա ձեւական բնույթ ունի:
Հիշեցնենք, որ 2014-ին Երեւանում հրավիրեց «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ (UNDP) / Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամ (GEF) ծրագրի ավարտական աշխատաժողովը, որի ընթացքում նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ Վայոց ձորի մարզի Արենի, Գնիշիկ և Խաչիկ համայնքները որոշում են կայացրել ստեղծել «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը` 6 հազար հեկտար մակերեսով, որը համայնքային կառավարմամբ առաջին պահպանվող տարածքը կլինի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ տարածաշրջանում:
«Խնդիրը վերջնականորեն կկարգավորվի ծրագրի շրջանակներում լրամշակված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, որի նախագիծը դեռ 2013 թվականի մայիսին ներկայացվել է Ազգային ժողով»,- նշել էր նախարար Գրիգորյանը:
Թե ինչու է այսքան ձգձգվում վերը նշված նախագծի ընդունումը օրենսդիրում, որևէ բացատրություն չունի, սակայն փաստը մնում է փաստ, որ Գնիշիկ համայնքի ղեկավարը գործի է անցել: Գնիշիկի գյուղապետ Արա Լեւոնյանին հետ հանդիպման ժամանակ վերջինս ամեն կերպ փորձում էր վարկաբեկել միջազգային կառույցների գործունեությունը` անգամ նշելով` «Գնիշիկը սարքել են լվացքի մեքենա եւ փողեր լվացել», սակայն չմանրամասնելով, թե ինչ գումարների մասին է խոսքը:
«Ես այդ որոշումը չեղյալ եմ համարել, որովհետեւ դեռ մինչ օրս չկա պետական գրանցում, եւ այդ տարածքները դրել եմ վարձակալության, եւ մարդիկ, ով կցանկանա, հայտ կներկայացնի եւ վարձակալությամբ կվերցնի օգտագործման»,- նշեց Ա. Լեւոնյանը, հավելելով, որ եթե անգամ ավագանին է որոշում կայացրել, դա չի նշանակում, որ այդ հողերը իրենցն են. «Պետք է պայմանագիր կնքեին, որ մինչ օրս չի եղել: Չկա բացարձակ իրավական ակտ»:
Հարցին, թե ինչ ծրագրեր են իրականացվել այդ շրջանակներում Գնիշիկ համայնքում, Լեւոնյանը նշեց, որ ընդամենը ջրագիծ են անցկացրել, իսկ մնացածի մասին տեղյակ չէ. «Ես այդ ժամանակ գյուղապետ չեմ եղել, գնացեք նախկին գյուղապետից հարցրեք»:
Ջրագծի մասով գնիշիկցիները ուրախությամբ նշում են, որ շատ լավ գործ է արված, եւ մատնացույց են անում Բնության համաշխարհային հիմնադրամին. «Ընտիր ջուր ա գալիս` համ խմելունը, համ ոռոգմանը»: Նախկին գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանն այս առնչությամբ նշում է. «Մենք Բնության համաշխարհային հիմնադրամի հետ սկսել ենք աշխատել 2009 թվականից եւ սկզբնական շրջանում սկսեցինք իրականացնել սոցիալական ծրագիր: Առաջին ծիծեռնակները, որ ասել եւ ներդրումներ են կատարել համայնքում, հենց այդ կազմակերպությունն էր»:
Մելքոնյանը նաեւ հիշեցրեց, որ հենց այդ կազմակերպության շնորհիվ է, որ այդ տարածքներում այսօր բնապահպանական առումով եթե ոչ գերազանց, ապա գոնե բարվոք վիճակ է. «Դա գովելի ցուցանիշ է, եւ այդ ամենը կա գրանցված բոլոր տեղերում: Նորից եմ կրկնում` եթե բեզոարյան այծերը նախկինում մասայական սպանդի էին ենթարկվում, դա կանխվեց, եւ դա կոմպլեքս միջոցառում էր, եւ հիմնականում բեզոարյան այծերի որսի, որսագողության գործընթացն կասեցվեց»:
Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ համայնքի տարածքները իրենց չեն վաճառել, չեն նվիրել կամ վարձակալության չեն տվել. «Սա Գնիշիկ համայնքի հաշվեկշռում նստած տարածք է, որը տարածքում բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքով տրված է այդ հիմնադրամին»: Սակայն ներկայիս գյուղապետը ավագանու նիստով արդեն իսկ որոշում է կայացրել համայնքին պատկանող 3 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքը մրցութային կարգող տրամադրելու մասին:
Մեզ հետ հանդիպման ժամանակ գյուղապետ Լեւոնյանը միշտ նշում էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) եւ շեշտում, որ նրանք առանց որևէ նախապայմանի գործեր են նախատեսում իրականացնել համայնքում, շարունակ հիշեցնում էր, որ այդ տարածքներից մոտ 2000 հեկտարը կտրամադրի հենց այդ հիմնադրամին:
Նշենք, որ մեզ հետ հեռախոսազրույցում հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասաց, որ իրենք հարցերին պատասխանում են գրավոր դիմելու դեպքում, միայն փորձեց ճշտել` թեման ինչումն է:
Մանրամասն թեմային անրադարձ ենք կատարել տեսաֆիլմում:
Գալուստ Նանյան
Լուսանկարները՝ հեղինակի