Վերջին ամիսներին աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան մի քանի ոլորտներում. հիմնական քննադատության առարկա դարձավ մշակույթը, բուռն քննարկվեց սահմանային լարվածությունը, սահմանադրական «բարեփոխումները», իսկ այժմ է´լ ավելի մեծ թափով քննարկվում ու քննադատվում է քաղաքական դաշտը, քանի որ ի հայտ է գալիս նոր քաղաքական ուժ: Ամեն ինչ այնքան էլ վատ չի, որքան պատկերացնում ենք: Առկա խնդիրները պետք է քննել հիմնովին և դրանք ավելի պարզ կդառնան: Այսօրվա վիճակի հիմնական խնդիրներն են.
1.Վատ կրթական համակարգ: Ամուր և հզոր է այն պետությունը, որը ճիշտ է կրթում և դաստիարակում իր սերունդներին: Բարեկեցիկ պետություն ունենալու համար, նախևառաջ, պետք է ունենալ բարձր որակի կրթական համակարգ:
2.Ոչ ոք իր գործով չի զբաղվում կամ էլ երկրորդ «մասնագիտություն» է որդեգրել քննադատությամբ զբաղվելը: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի և իր կարծիքն արտահայտելու իրավունք, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ քննադատել ու մոռանալ սահմանների առկայության մասին: Այստեղ ամեն ինչ խառնվել է իրար․ մշակույթի գործիչները քաղաքականությամբ են զբաղվում կամ քննադատում են տվյալ ոլորտը, բժիշկները մշակույթի գործիչներին են քննադատում,ոստիկանները սկսել են գողական «разборка»-ներում մեծ դերակատարություն ունենալ, իսկ քաղաքական գործիչներն էլ իրենց հերթին բիզնեսներով են զբաղվում: Քաղաքակիրթ ազգ և պետություն ունենալու համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր գործով զբաղվի, իսկ ազատ ժամանակ քննադատելու փոխարեն փորձի կատարելագործվել ու մնայուն հետք թողնել իր ազգի համար:
3.Ահռելի թիվ են կազմում մշտապես բողոքողները, ովքեր անգամ եղանակից են բողոքում. ձմռանը՝ ցրտից, ամռանը՝ շոգից: «Աշխատանք չկա» արտահայտությունից օգտվողները սկսում են լավուվատ անել, երբ աշխատանքի առաջարկ են ստանում: Հենց նույն հասարակությունը միգրացվում է ու տարբեր սև աշխատանքներ կատարում արտերկրում: Կարելի է հետևություն անել, որ Հայաստանում ոչ թե աշխատանք չկա,այլ աշխատել ցանկացողներն են քիչ:
4.Ավանդույթ է դարձել օտարներից օգնություն սպասելը: Տեղին է մեջբերել Րաֆֆու խոսքերը. «Օտարի օգնությունից շահ չկա: Դժբախտ է այն ազգը ու միշտ կմնա դժբախտ, ով օտարի օգնության կարոտ լինի»:
Ցեղասպանություն, երկրաշարժ ու պատերազմներ տեսած ազգը պետք է գլուխը բարձր պահի, քանի որ գոյատևել ու հաղթահարել է այդ դժվարությունները և ունի հզոր պետություն դառնալու մեծ ներուժ: Ուրեմն եկեք չբողոքե՛նք, այլ ինքներս կատարելագործվենք և դառնանք «անկախ» և կայուն պետություն: