Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երգիչ-երգչուհիների հանդեպ հունիսից կոշտ քաղաքականություն են սկսել վարել։ Ըստ Անանյանի, երգիչներին նամակ են ուղարկելու, հրավիրելու ՊԵԿ, որ նրանք հայտարարագրեն իրենց եկամուտները։ ՊԵԿ նախագահը հատկապես շեշտել էր վաստակավոր երգիչներին՝ նշելով, որ ՊԵԿ-ը կարող է պարզել, թե ի՛նչ միջոցառումների է մասնակցում երգիչը և ի՛նչ եկամուտներ ունի։
Araratnews.am-ը կապ հաստատեց հայկական շոուբիզնեսի մի քանի երգիչների հետ՝ իմանալու նրանց դիրքորոշումը եկամուտների հայտարարագրման և ՊԵԿ-ի կոշտ քաղաքականության վերաբերյալ։
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը դեմ չէ եկամուտների հայտարարագրմանը՝ նշելով, որ ՊԵԿ-ից դեռ նամակ չի ստացել: «Երբ որ սկսվի պրոցեսը, կհասկանանք՝ ինչպե՛ս շարժվել»,- նշեց երգչուհին։
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում երգիչների հարկմանը, Պեպելյանը պատասխանեց․ «Հարկային դաշտը վատ չի, բայց պետք է հասկանալ՝ ո՛նց է աշխատում մեխանիզմը։ Կարծում եմ, որ ծրագիր մշակողները որևէ խելամիտ բան կկարողանան առաջարկել, որի հիման վրա կհամագործակցենք կամ չենք համագործակցի,- ասաց երգուչին՝ հավելելով,- Եթե մենք ունենանք երկկողմանի հարմարավետ աշխատանք իրար հետ, ինչու չէ, ես ոչինչ չեմ բացառում»։
Հարցին՝ եթե ՊԵԿ-ի առաջարկած տարբերակին չհարմարվի, ի՛նչ քայլեր է պատրաստ ձեռնարկելու․ «Օդի մեջ, «եթե»-ներով խոսելը դժվար կլինի։ Կլինի պրոցեսը, կտեսնենք՝ ինչ են առաջարկում, և ըստ դրա որևէ լուծման կհասնենք»։
Երգիչ Մհերը, ով վաստակավորի կոչում ունի, հարցին արձագանքեց, որ ինքը խնդիր չունի ՊԵԿ-ի հետ․ «Ես ամենաառաջինն եմ ներկայացրել իմ հայտարարագիրը, այն կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան էջում, և պատրաստ եմ մտնել հարկային դաշտ,- ասաց նա՝ հայտարարելով,- այս հարցն ուղղեք նրանց, ովքեր չեն ներկայացրել, ես խնդիր չունեմ հարկ վճարելու»։
Երգչին դուր չեկավ տարբեր միջոցառումներին իր հաճախ մասնակցելու մասին հարցը (ՊԵԿ նախագահը շեշտել էր, որ հատկապես կոշտ վարչարարություն է իրականացվելու վաստակավորի կոչում ունեցողների և միջոցառումներին ակտիվ մասնակցողների հանդեպ)։ Նա մեկ անգամ ևս կրկնեց, որ կողմ է ՊԵԿ-ի վարած քաղաքականությանը։
Վաստակավոր երգչուհի Ալլա Լևոնյանն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել ՊԵԿ-ի քայլերը։