Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվել է Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:
Այս օրերին Միացյալ Նահանգներում անցկացվում են Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին և հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ամերիկահայ շրջանակների ու կառույցների ակտիվ մասնակցությամբ: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառումը ևս նվիրված էր այս շարքին:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է առաջին հանրապետության բացառիկ նշանակությունը հայոց պետականության վերականգնման հարցում:
Առաջին հանրապետության տարեդարձի շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի առաջին հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ հեղափոխական դաշնակցության և Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ դեսպանության տարածքում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին:
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ այս նախաձեռնության գաղափարի իրականացմանը:
«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծել է Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ:
«Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային-ազատագրական գործիչ և դիվանագետ»,- նշել է Տեր-Խաչատրյանը:
Պատմաբան Հայկ Դեմոյանն էլ խոսել է 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը, նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:
Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի առաջին հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:
«Մենք տոնում ենք առաջին հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին հանրապետությունը երբեք չի դադարել, միգուցե այն կոչվել է այլ անունով, օրինակ՝ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991-ին այն, ինչը մեր սրտերում էր, դարձավ իրականություն, և առաջին հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:
Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել Արմեն Գարո ազգային և դիվանագիտական գործչի թողած ժառանգությունը:
Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտության պատվոգիր է հանձնել ամերիկահայ բարերար Սեյվի Թուֆենկյանին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելությանը ցուցաբերած օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդգծվել է Թուֆենկյան-Շիրվանյան ընտանիքների ներդրումն այս հարցերում: